211652_close_icon
views-count1149 դիտում article-date 16:03 05-10-2015

«Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց երաժշտական տոնը՝ Խաչատրյանի անվան փառատոնը

Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչում էր խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի աջակցությամբ։ Փառատոնը հովանավորել են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ» ընկերությունը, «Ջերմուկ գրուպը» և «Անի պլազան»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ բազմաթիվ հայտնի երաժիշտներ կհյուրընկալվեն Երևանում՝ մասնակցելու հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնին. «Խաչատրյանի անունն օգնում է մեզ, որպեսզի աշխարհում հպարտորեն ասենք, որ մենք ունենք արվեստ, ունենք հերոսներ, ովքեր մշակույթ են փոխել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է: Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է այն, որ մենք առաջինն էինք, որ ցանկություն հայտնեցինք Հայաստանում անցկացնել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն»: Մաեստրո Սմբատյանն ընդգծեց նաև, որ Երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում ներգրավել է հայաստանյան այլ կոլեկտիվների նույնպես։ Մասնավորապես հանդես կգան «Արս լունգա» դուետը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը և այլն: Կներկայացվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները։ «Կյանքիս մեծագույն սերը, Հայրենիք» խորագրով անցկացվող փառատոնը (ի դեպ, սրանք Խաչատրյանի խոսքերն են) ունկնդրին է առաջարկում հետաքրքիր, հագեցած երաժշտական երկու ամիսներ՝ հստակ ձևաչափով. ամեն չորեքշաբթի՝ կամերային, իսկ ամեն շաբաթ օր՝ սիմֆոնիկ համերգներ։ Կհնչեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների՝ ջութակահարներ Չադ Հուփս (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոում (Ֆրանսիա), Զոհրաբ Թադևոսյան (Իսպանիա), դաշնակահարներ Ալեքսանդր Ռոմանովսկի (Իտալիա/Ուկրաինա), Աննա Վինիցկայա (Ռուսաստան), թավջութակահարներ Սուրեն Բագրատունի (ԱՄՆ), Միքայել Հախնազարյան (Հայաստան), հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակով (Իսրայել/Ռուսաստան), դիրիժորներ Ջանլուկա Մարչիանո (Իտալիա), Վահագն Պապյան (Իսրայել) և Միրան Վոպոտիչ (Խորվաթիա): Խաչատրյանի անվան փառատոնը ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար. Չայկովսկու անվան դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Ա. Խաչատրյանի Մանկական ալբոմներից: Եվ ամենասպասված նախագիծը, որ արդեն իսկ մեծ արձագանք է գտել հանրության շրջանում. փառատոնի փակմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի նորարարական մի ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային մշակմամբ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հնարավորություն է տալիս այս ամենին հետևել աշխարհի ցանկացած ծայրից՝ առցանց SYOA TV-ի միջոցով։ [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ [/b]

Նմանատիպ նյութեր