211652_close_icon
views-count6856 դիտում article-date 23:38 07-10-2016

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի մեկնարկը տրվել է «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը ունկնդրին են ներկայացրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, ինչպես նաև Դևիդ Դե Բուր Քենֆիլդի «Կոնցերտ Արամ Խաչատրյանի թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա): Մենակատարներ՝ Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն), Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Հայրապետ Առաքելյան (սաքսոֆոն): Ընդհանուր առմամբ խաչատրյանական փառատոնը կընդգրկի 9 սիմֆոնիկ համերգ (ներառյալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվող «Օպերա Գալա» համերգային ծրագիրը), 9 կամերային համերգ, 1 բաց դաս և 2 բալետային ներկայացում: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 10-ին: Փառատոնի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան միջազգային ճանաչում վայելող երաժիշտներ՝ Գլորիա Քամփաները (դաշնամուր), Ջուլիան Միլկիսը (կլարնետ), Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ) և այլք: Միջոցառման շրջանակում հանդիսատեսին կներկայանան նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի տարբեր տարիների դափնեկիրներ /հատուկ մրցանակակիրներ՝ դիրիժոր Բեատրիչե Վենեցին, դաշնակահար Եվգենի Ստարոդուբցևը և դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը/, իսկ հոկտեմբերի 11-ին երգչախմբային բաց դասով հանդես կգա անվանի խմբավար Ֆլորիան Հելգաթը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր