211652_close_icon
views-count828 դիտում article-date 21:53 05-10-2015

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնականին

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության իր ներգրավվածությանն ու հետևողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդմոն Մյուլեն արձանագրեց, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ նախկինում և ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարևորության մասին, որ տալիս է Հայաստանը աշխարհում խաղաղության պահպանմանը։ Նա շեշտեց, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային և Գերմանիային Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորեց ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարևորեց Հայաստանի Նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին։

Նմանատիպ նյութեր