211652_close_icon
views-count1713 դիտում article-date 08:55 06-10-2015

Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ նրանից՝ որն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իշխանության իրական նպատակը. վերարտադրությո՞ւնը, ինչպես վախեցնում են ընդդիմադիրները, թե՞ ժողովրդավարացումը, ինչպես վստահեցնում են իշխանությունները, այսպիսով Հայաստանը թեւակոխում է նոր փուլ՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր հարթություն, որը կարող է ինչպես՝ ընձեռել երկիրն իսկապես որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորություններ, այնպես էլ՝ առաջ բերել նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ: Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հայտարարեն իշխանության վերարտադրության ու քաղաքական մենաշնորհի հաստատման մասին, իրականում այս փոփոխությունները՝ գոնե դրանց, այսպես ասած, տեքստային առումով, բավական մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման եւ մի շարք այլ կարեւոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը: Սակայն այլ բան է պայծառ ապագա խոստացող տեքստը, բոլորովին այլ բան է դրա իրագործումը կյանքում: Գործող Սահմանադրությունը՝ իր բազմաթիվ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, այնքան վատ սահմանադրություն չէ, որքան այն իրագործվում է, իսկ, որ ավելի ճիշտ է՝ ոտնահարվում է կյանքում: Այսինքն՝ կրկին հանգում ենք լավ օրենքի, տվյալ դեպքում՝ Սահմանադրության ու դրա կենսագործման հակասության առջեւ: Ցանկացած լավ գրված սահմանադրություն կարող է պատուհաս դառնալ պետության համար, եթե գործնականում այն ոչ միայն չի պահպանվում, այլեւ դառնում է ամենաշատը ոտնահարվող ու խախտվող փաստաթուղթը: Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար, եթե դրա ընդունմանը զուգահեռ կամ դրանից առաջ՝ բարեփոխվեն, վերափոխվեն սահմանադրության «սուբյեկտները»՝ իշխանությունները՝ առաջին հերթին, եւ քաղաքական համակարգը՝ ընդհանուր առմամբ: Իրականում մեր կուսակցությունների մեծամասնությունը, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր ուժերը, իրենց ներքին բովանդակությամբ, ներքին հարաբերությունների որակով չեն տարբերվում, երբեմն բացասական իմաստով նույնիսկ «գերազանցում» են իշխանությանը՝ ՀՀԿ-ին: Խոսքն առաջին հերթին՝ ներքին ժողովրդավարության բացակայության, առաջնորդների՝ անձի պաշտամունքի հասնող գերիշխանության, որոշումների կայացման մենիշխանության մասին է: Այս եւ բազմաթիվ այլ երեւույթներ բնորոշ են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններին, անգամ նրանց, ովքեր հանդես են գալիս եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանն ու ազատականությանը հավատարմության երդումներով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր