211652_close_icon
views-count3426 դիտում article-date 19:00 09-10-2015

«Տոկոսի տակ» համաճարակը նոր զոհեր է պահանջում

Տոկոսի տակ մտնում են մեծ մասամբ գործարարները, ձեռներեցները՝ նոր նախաձեռնություններ իրագործելու համար: Ռիսկային վարկեր են վերցնում նաև ցածր եկամուտներ ունեցողները, ուսանողները, աշխատավարձով աշխատողները՝ ընտանեկան կամ անձնական խիստ անհրաժեշտ ու հրատապ խնդիրները լուծելու համար: Տոկոսի տակ մտնում են նաև գործազուրկները, ծույլերն ու արկածախնդիրները, որոնք կորցրել են հարազատների և ընկերների վստահությունը, և նրանց ոչ ոք պարտքով գումար չի տալիս: Մի խոսքով՝ վարկ վերցնում են գրեթե բոլորը, որոնք այս կամ այն պատճառով գումարի կարիք ունեն: Այս պայմաններում վարկային կազմակերպությունները, բանկերը և վաշխառուները օգնության ձեռք են մեկնում գումարի կարիք ունեցողին: Սակայն դա վերապահումով կարելի է օգնություն համարել: Պարտապանը ժամանակի ընթացքում ֆինանսական ծանր վիճակի մեջ է ընկնում, որովհետև վարկատուն օգտագործելով վարկառուի հուսահատ վիճակը, առաջարկում է վարկ բարձր տոկոսներով: Եվ մարդն իրավիճակից դուրս գալու համար վարկ է վերցնում՝ չնայելով բարձր տոկոսներին: Որոշ հոգեբաններ կարծում են, թե տոկոսի տակ մտնելը հոգեկան հիվանդություն է: Մարդն առաջին անգամ վախենալով է վարկ վերցնում: Ժամանակի ընթացքում տոկոս վճարելը դառնում է սովորական, սակայն վախը չի անցնում: Մարդը սովորում է իր եկամտի մի մասով փակել տոկոսները: Իսկ երբ դժվարանում է փակել, ապա ավելի մեծ վարկ է վերցնում և ընկնում իր իրական եկամուտները գերազանցող տոկոսների տակ ու ավելի մեծ վախերի մեջ: Սակայն հաջողության հասնելու հույսն ու աշխատասիրությունը նրան մղում են նոր վարկ վերցնելու և նոր տոկոսի տակ մտնելու գայթակղությանը: Սա է «Տոկոսի տակ»-ի ախտաբանությունը: Սակայն սոցիալ-տնտեսական ճգնաժամի, գնաճի, գնողունակության անկման, շրջափակման, շուկաների փակման, մենաշնորհների, կոռուպցիայի, գործազրկության աճի և զանգվածային դեպրեսիայի պայմաններում վարկ վերցնելը ռիսկային է և հղի է աղետալի հետևանքներով: Տոկոսի տակ մնացածները կորցնում են գործը, գույքը, սեփականությունը, ինչպես նաև բարի անունն ու պատիվը: Վերջինի կորուստը կամ կորստի վտանգը ոմանց դրդում է ծայրահեղ քայլի՝ ինքնասպանության: Այս ժամանակ «Տոկոսի տակ» հիվանդությունը մտնում է մահացու փուլ: Այս փուլում հիվանդը վարկն այլևս չի կարողանում ծառայեցնել գործին, բարեկեցության աճին, չի մտածում բարիք ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու, այլ տոկոսի տակից ինչ-որ կերպ դուրս գալու մասին, որպեսզի գոնե անունն ու պատիվը փրկի: Երբ վարկը ծառայում է միայն վարկառուի սոցիալական վիճակը, բարի անունը փրկելուն, ահա այդ ժամանակ «Տոկոսի տակ»-ը դառնում է սոցիալական հիվանդություն: Իսկ երբ հասարակության մեծ մասն է մնում տոկոսի տակ, ապա հիվանդությունը դառնում է սոցիալական համաճարակ: Այն խժռում է մարդկանց խնայողությունները, սեփականությունը, ստեղծագործ մտքերը, հասցնում նրանց հուսահատության, մղում մահացու մեղքի կամ հայրենիքից փախուստի: Մի խոսքով՝ «Տոկոսի տակ» համաճարակը ամայացնում է երկիրը, ինչպես ժանտախտը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր