211652_close_icon
views-count957 դիտում article-date 20:32 09-10-2015

Ուրվագծել դինամիկ փոփոխվող, արժեհամակարգ ստեղծող կրթական միջավայր. Արմեն Աշոտյան

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր կազմակերպել էր կրթության ոլորտի թեմաների շուրջ քննարկում, որին հրավիրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Խորհրդի անդամներին հետաքրքրում էր կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և մարտահրավերները: Նախարար Աշոտյանն իր ներածական խոսքում շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ Հանրային խորհրդի հետ արդեն կա նման քննարկումների փորձ, որն արդյունավետ է եղել: "ՀՀ կրթական համակարգն անկախության 25 տարիների ընթացքում ամենափոփոխված համակարգերից մեկն է: Կրթության նպատակն է` ծառայել անհատին, հասարակությանը և տնտեսությանը: Որևէ բաղադրիչի թերագնահատումն այս եռամիասնության մեջ բերում է կրթական քաղաքականության խեղման: Կրթական համակարգի ցուցանիշի գնահատման պարագայում մենք առաջնորդվում ենք երեք հիմնական մոտեցմամբ` կրթության որակ, մատչելիություն և արդյունավետություն: Որպես ՀՀ կրթական համակարգի տեսլական մենք դիտարկում ենք` միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային կրթություն, որտեղ երկու բաղադրիչներն էլ հավասարազոր են: Բացի այդ, կրթական համակարգն իր վրա կրում է մի քանի առաքելություն, առաջինը` այն լուծում է ազգային ինքնության և հայապահպանության խնդիրը: Երկրորդ` ներկայումս փակման ենթակա է շուրջ 300 դպրոց, որովհետև արդյունավետության տեսանկյունից յուրաքանչյուր աշակերտի վրա ծախսված գումարը համատեղելի չէ կրթության որակին: Սակայն մենք խուսափում ենք այդ դպրոցները փակել և գնալ խոշորացման, որովհետև այդ դպրոցների զգալի մասը սահմանամերձ և լեռնային շրջաններում են, իսկ դպրոցը համայնքաստեղծ առաքելություն է իրականացնում: Երրորդ առաքելությունը սոցիալական բեռն է. կրթական համակարգն ամենախոշոր գործատուներից մեկն է` 38 հազար ուսուցիչ, 12 հազար բուհական մասնագետ: Ներկայումս մենք ունենք 13 հազարով ավելի ուսուցիչ, քան անհրաժեշտ է: Կրճատել այդ ուսուցիչներին` նշանակում է երկրում ավելացնել սոցիալական խնդիրները, չկրճատել` դատապարտել լճացման կրթական համակարգը: Մյուս խնդիրը, որ խոչընդոտում է բարեփոխումների ճշգրիտ գնահատականին, այն է, որ կրթական ոլորտում իրականացված բարեփոխումները տեսանելի կլինեն տարիներ հետո",-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դասագրքերի ստեղծման և դրանց բովանդակության և որակի խնդիրներին: Արմեն Աշոտյանը խոսել է նաև կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության և գիտության ոլորտին տրամադրվող բյուջետային հատկացումների, կրթության մոտիվացիայի, միջազգային փորձի և այլ հարցերի մասին: "Ինչպիսի կրթություն է պետք երկրին. այս հարցի պատասխանը ոչ մի երկիր դեռ չի տվել: Ներկայումս միջազգային հարթակներում շրջանառվում է տեսակետ, որի հետ ես համաձայն եմ` ժամանակակից կրթության խնդիրն ավարտական գիտելիքներ հաղորդելու մեջ չէ, այլ սովորեցնել սովորել ողջ կյանքի ընթացքում, այսպես ասած, ցկյանս կրթության հայեցակարգը: Այսինքն, մեր խնդիրն է` այսօր ուրվագծել դինամիկ փոփոխվող, արժեհամակարգ ստեղծող կրթական միջավայր, որտեղ այդ գիտելիքը պահանջված է",-նշել է նախարարը` ներկաներին տեղեկացնելով, որ ներկայումս վերանայվում է հանրակրթութան բովանդակությունը: Արմեն Աշոտյանը Հանրային խորհրդին խնդրել է հավելյալ քննարկում կազմակերպել, երբ նախարարությունը հանրային քննարկման կներկայացնի վերանայված բովանդակության վերաբերյալ առաջին նախագիծը: Նախարարի ելույթից հետո Հանրային խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հեռավար ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման, ՏՀՏ կրթության, դպրոցների ենթակայության և բազմաթիվ այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր