211652_close_icon
views-count658 դիտում article-date 17:36 23-12-2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ Ծառայության վարչությունների պետերի հաշվետվությունները, մասնավորապես՝

ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի հաղորդմամբ՝ մայիս ամսից հայտարարվել է պաշտոնի զբաղեցման 111 մրցույթ, իսկ դեկտեմբերի 18-ի դրությամբ հայտարարվել է 11 տարածքային բաժնի պետի մրցույթ։ Պաշտոնի է նշանակվել 10 անձ, իսկ վարկանշային ցուցակից՝ 21 անձ, որոնցից 4-ը գործող ՄՔԾ քաղաքացիական ծառայող։ Բաժինների պետերի մրցույթների արդյունքում 3 պետ արդեն նշանակվել է։

Տարվա ընթացքում կատարվել է հերթագրման համակարգի փոփոխություն, ինչի արդյունքում ներդրվել է հիբրիդային համակարգ՝ և՛ օնլայն, և՛ կենդանի հերթի սպասարկման ձևաչափով։ Հիմնովին վերանորոգվել, ամբողջովին նոր գույքով և տեխնիկայով վերազինվել է Եղվարդի բաժինը, և սպասարկումն արդեն իրականացվում է հարմարավետ պայմաններում։ ՄՔ ծառայության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը հասցվել է ավարտին։

Գործարկվել է անձնագրային ծառայությունների մատուցման շրջիկ ծառայություն, որն արդեն եղել է հանրապետության 7 մարզերում։ Տարածքային ստորաբաժանումները վերազինվել են նոր գույքով, տեխնիկայով, քարտադարաններով, նորացվել է ներքին ցանցը՝ փակ կապուղիներով։

Ըստ քաղաքացիության շնորհման վարչության տվյալների՝ հաշվետու տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 20703 անձ, իսկ դադարեցնելու համար՝ 4034 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 18063 անձի, դադարեցվել է 3433 անձի քաղաքացիությունը։ Վարչության պետի տեղակալ Սյուզաննա Մանասյանը ներկայացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6626, նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհվել է 5210 անձի։

Քաղաքացիության պարզման վերաբերյալ ստացվել է 5644 գրություն։ 2024 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների համատեքստում ընդգծվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։

ՄՔԾ պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանը ներկայացրել է բնակչության տվյալների մշակման վարչության կատարած աշխատանքները։ Վարչությունը մշակել է ՄՔԾ ներքին որոնման համակցված համակարգը, կոորդինացրել տարածքային ստորաբաժանումների ներքին ցանցի փոխարինման և թարմացման աշխատանքները: Մշակման փուլում է e-register.am հարթակը, որը հնարավորություն կտա ներկայացնել դիմումներ՝ ժամանակավոր պաշտպանության վկայականի երկարաձգման և ըստ բնակության վայրի հաշվառման համար։ Մշակվել է ծրագրային ապահովում՝ անձնագրավորման և հաշվառման դիմումները տարածքային ստորաբաժանումներում թվային միջավայրում ընդունելու համար։ Բարելավվել է օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը։

Միգրացիայի և քաղաքացիության ոլորտի քաղաքականության իրականացման վարչության պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է, որ հաշվետու տարում Ծառայությունը ապահովել է դատական ներկայացվածություն 523 գործով։ Վարչության ծրագրերի իրականացման և վիճակագրության բաժինը ներկայացրել է ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ՝ դիմումների և բողոքների, հանրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների, ինչպես նաև եռամսյակային հաշվետվություն ՄՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ։

Վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված ձևաչափերին համապատասխան կազմվել և ներկայացվել է կիսամյակային և տարեկան հաշվետվություն՝ ՄՔԾ կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ և այլն։

Քաղաքացիների խորհրդատվության և զանգերի սպասարկման բաժինը գործարկել է նոր կարճ հեռախոսահամար՝ 84-22։ Զանգերի կենտրոնը մարտից մինչև դեկտեմբեր ստացել է 40 028 հեռախոսազանգ։

Ապաստանի տրամադրման վարչության պետ Ռուզաննա Պետրոսյանի հաղորդմամբ՝ տարեսկզբից մինչև դեկտեմբերի 1-ը ապաստանի հայց ներկայացրած օտարերկրացիների թիվը կազմել է 657։ Ապաստանի 192 հայց բավարարվել է, 181-ը՝ մերժվել։ Հաշվետու տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ավարտվել են Աբովյանում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարական աշխատանքները, մշակվել է ապաստանի տրամադրման վարչական վարույթում որակի ապահովման ընթացակարգը (ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ), ներդրվել է ապաստանի գործերի վարման նոր համակարգը։ Ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացվել է համանուն նորաստեղծ բաժնի կողմից։

ՄՔԾ օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչության պետ Արամ Մելքոնյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմել է 5410 անձ, ստացել՝ 4280։ Մշտական կացության կարգավիճակի համար դիմել է 3659 անձ, ստացել՝ 2930-ը, իսկ հատուկ կացության կարգավիճակի համար դիմել է 408 անձ, ստացել՝ 413-ը։ Աշխատանքի թույլտվության համակարգի (Work permit) միջոցով կացության ժամանակավոր կարգավիճակի համար դիմել է 5341 անձ, ստացել՝ 3961-ը, մերժումների թիվը կազմել է 2077։ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակների դիմումների վարույթները կիրականացվեն թվային ձևաչափով, փոփոխություններ կլինեն նաև կացության կարգավիճակների ժամկետների հետ կապված։

Վարչությունների կատարած աշխատաքների ամփոփումից հետո ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է ՄՔԾ միջազգային համագործակցության ուղղությունները՝ ներառյալ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր առաջնահերթությունները, մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակներում և հաղորդակցության ոլորտում առաջիկա անելիքները։ Պլանավորվել են առաջիկա տարում Երևանում հյուրընկալվող միջազգային միջոցառումները՝ Պրահյան գործընթացի, Եվրոպական միգրացիոն ցանցի շրջանակներում, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց թեմայով Հայաստանը կնախաձեռնի միջազգային աշխատաժողով։

Ռազմավարությունների մշակման համատեքստում ՆԳՆ ռազմավարական պլանավորման, մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը ներկայացրել է «Հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը»։

Քննարկումների ավարտին ամփոփվել են նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտի վիճակագրության և ընթացակարգերի թվային լուծումները։ Մատնանշվել են 2025 թվականի առանցքային ուղղությունները, ուրվագծվել մարտահրավերներն ու խնդիրները, դրանց տրվելիք լուծումները։

Տարեվերջյան ամփոփումն իրականացվել է Եվրոպական միության միգրացիոն գործընկերության գործիքի միջոցով ֆինանսավորվող միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Նմանատիպ նյութեր