1618 դիտում
17:16 14-10-2015
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Բացելով խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանն առաջարկեց, որպեսզի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գան ենթակա բաժինների և տարածքային բաժանմունքների պետերը՝ շեշտը դնելով հիմնականում առկա խնդիրների, բացթողումների, թերությունների և ձեռքբերումների վրա:
Ամփոփելով հնչած ելույթները՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս. Հարությունյանը նշեց, որ կան թերություններ, մասնավորապես՝ առկա է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի աճ, որը մտահոգիչ է և այդ ուղղությամբ տարվում են համակարգված աշխատանքներ: Ս. Հարությունյանն անդրադառնալով աշխատանքներում տեղ գտած բացթողումներին և թերություններին՝ նշեց, որ այնուամենայնիվ, հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի ՄՎ ենթակա ծառայությունների կողմից արվել է հնարավորինս՝ իրավակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, հանցագործությունների բացահայտման, կանխման, նախականխման, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման ուղղությամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը նշեց, որ 2015 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ժամանակ հանգամանալից անդրադարձ է լինելու ծանր, առանձնապես ծանր և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ավազակային հարձակումների, բնակարանային գողությունների, կողոպուտների, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման ու նախկին տարիներին կատարված և անձի ինքնությունը անհայտ լինելու հիմքով կասեցված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին. ցածր ցուցանիշների դեպքում թերացողների նկատմամբ կկիրառվեն կարգապահական ներգործության միջոցներ:
Նշվեց նաև, որ առկա են խնդիրներ անձնակազմի, մասնավորապես՝ երիտասարդ ծառայողների հետ տարվող աշխատանքներում, ինչի կարգավորման գործում մեծ դեր ունեն նրանց ղեկավարները և առավել ավագ ու փորձառու ծառայողները, հավելելով նաև, որ պետք է շուտափույթ ազատվել այն ծառայողներից, ովքեր տարիներ շարունակ ցուցաբերել են աշխատանքային ցածր արդյունավետություն, ինչպես նաև իրենց բարոյական հատկանիշներով չեն համապատասխանում ոստիկանի արդի կերպարին և ոստիկաններին ներկայացվող պահանջներին:
Անդրադառնալով 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով հանրաքվեին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է անշեղորեն իրականացնել ՀՀ ոստիկանության պետի «Բնակչության պետական ռեգիստրի վարման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համալիր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ» Ցուցումի պահանջները, հանձնարարելով՝ պատշաճ ձևով ապահովել ցուցակների ճշգրտման աշխատանքները՝ սերտ համագործակցելով ինչպես անձնագրային ծառայությունների, այնպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հունան Պողոսյանը մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների պետերին հանձնարարեց վերանայել աշխատանքային մոտեցումները, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները արձանագրված և չբացահայտված հանցագործության դեպքերը բացահայտելու, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ. ոստիկանության ծառայողներին պարբերաբար ուսուցանել հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու ընդհանուր դրույթներն ու բանակցային գործընթացը, և նման իրավիճակներում ներգրավել հատկապես առավել պատրաստված և փորձառու ծառայողներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»