211652_close_icon
views-count2498 դիտում article-date 21:17 16-10-2015

Անվանի արվեստագետի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում

Կյանքից հեռացավ մեր ժամանակաշրջանի մեծանուն ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանը: Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 5-ին, Մարսելում /Ֆրանսիա/: Ջութակի առաջին դասերը ստացել է հորից և Գաբրիել Ռեյից: Շուտով 11-ամյա հրաշամանուկը տալիս է իր առաջին մենահամերգը Մարսելի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1947 թ. Տեր-Մերկերյանների ընտանիքը ներգաղթում է Հայաստան: Ժանն իր կրթությունը շարունակում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարանում): Այնուհետև, սովորում և ավարտում է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան /Դավիթ Օյստրախի ղեկավարությամբ/: Ժ. Տեր-Մերկերյանը հաջողությամբ մասնակցել է մի շարք մրցույթների: 1956 թվականին Պրահայի միջազգային մրցույթում արժանանացել է դափնեկրի կոչման, իսկ 1961 թվականին Փարիզում, Ժակ Տիբոյի և Մարգերիտ Լոնգի անվան միջազգային մրցույթում՝ 1-ին և Գլխավոր մրցանակի: Նրա արվեստը բարձր են գնահատել Դավիթ Օյստրախը, Արամ Խաչատրյանը, Հենրիկ Շերինգը, Զինո Ֆրանչեսկատտին և այլոք: Ժան Տեր-Մերկերյանը ծավալել է բուռն համերգային գործունեություն` հանդես գալով ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում: Նրա յուրաքանչյուր համերգ հաղթանակ էր և տոն: 1981 թվականին Ժ. Տեր-Մերկերյանը տեղափոխվել է Մարսել և շարունակել իր համերգային և մանկավարժական գործունեությունը, սակայն մշտապես սերտորեն կապված լինելով Հայաստանին` պարբերաբար ելույթներ է ունեցել նաև Երևանում: Նա ճանացված էր որպես Բախի, Բեթհովենի, Բրամսի, Մենդելսոնի, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծագործությունների լավագույն և յուրօրինակ մեկնաբաններից մեկը: Նա մեծ նվաճումներ է գրանցել նաև մանկավարժության ասպարեզում: Երևանի և Մարսելի կոնսերվատորիաների իր լավագույն սաները նույնպես դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ: Վարպետը հանդես էր գալիս նաև որպես ժյուրիի անդամ՝ Պագանինիի /Իտալիա/, Սարասատեի /Իսպանիա/, Չայկովսկու /Մոսկվա/, Արամ Խաչատրյանի անվան /Հայաստան/ և այլ միջազգային մրցույթներում: Ժան Տեր-Մերկերյանը մեծապես նպաստել է մայր Հայաստանի և Սփյուռքի մշակութային կապերի ամրապնդմանը: Ապրելով իր երկրային կյանքը, նա անմնացորդ նվիրվեց արվեստին, իր ժողովրդին, թողնելով բարի անուն և զգալի հոգևոր ժառանգություն: 2015 թվականին երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ժան Տեր-Մերկերյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: Ժան Տեր-Մերկերյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին. ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Նմանատիպ նյութեր