1124 դիտում
13:19 27-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին. ֆոտոռեպորտաժ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակներում:
Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:
Նիստի օրակարգի շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մ. Վարդանյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2013-2015թթ. ժամանակահատվածի համար, որից հետո տեղի են ունեցել ներկայացված զեկույցների վերաբերյալ քննարկումներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստում.
Հարգելի՛ պարոն Նախագահող,
Հարգելի՛ Խորհրդի անդամներ և նիստի մասնակիցներ,
Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը՝ ուզում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ազգային ծրագրի իրականացմանն ուղղված մասնագիտական աջակցության համար:
Հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում, այդ իսկ պատճառով ձեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է: Շատ շնորհակալություն:
Նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ. պարոն Բեզզուբցևի այլ աշխատանքի անցնելու հետ կապված՝ մենք Խորհրդի կազմում ընդգրկեցինք Ալեքսեյ Ֆերապոնտովին:
Ալեքսե՛յ Վիկտորի, մաղթում ենք Ձեզ հաջող և արգասաբեր աշխատանք: Շնորհակալություն, որ համաձայնել եք լինել մեր Խորհրդի անդամը:
Մեկ շաբաթից՝ նոյեմբերի 5-ին, կլրանա Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման 20 տարին՝ գործունեության ժամանակավոր դադարեցումից վեց տարի անց: Այն շատ տեսանկյուններից յուրահատուկ նախագիծ է: Կատարվել է աննախադեպ ծավալի վերականգնողական աշխատանք՝ բազմաթիվ ինժեներական յուրահատուկ լուծումներով: Երկրորդ էներգաբլոկի վերագործարկման պահից իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացման ավելի քան 1400 միջոցառումներ:
Ս.թ. սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Վիեննայում տեղի է ունեցել միջազգային օժանդակության համակարգման տեխնիկական 7-րդ խորհրդակցությունը: Խորհրդակցությանը քննարկվել են երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջնային միջոցառումների ծրագրեր:
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԳԱՏԷ-ին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարություններին և Եվրոպական հանձնաժողովին՝ այս տարիներին տրամադրած տեխնիկական օգնության համար:
Նիստի հարգելի մասնակիցներ,
2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ:
Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են:
Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով.
• Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,
• Երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:
Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը:
Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստը: Այդ նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է «Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման, միջուկային և ռադիացիոն անվտանգության ասպարեզում տեղեկատվության փոխանակման» համաձայնագիր:
Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում:
Անվտանգության խորհրդի նախորդ նիստի առաջարկությունների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն Հայկական ԱԷԿ-ի և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավարները: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային հարցերի վրա:
Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը:
«Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիա»-ի դրույթների համաձայն` Հայաստանը 2015թ. մայիսին ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է առաջին ազգային զեկույցը:
«ՕՍԱՐՏ» առաքելության կողմից արված նկատողությունները վերացնելու համար Հայկական ԱԷԿ-ում մշակվել է «Ծրագիր և վարվեցողություն Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների հետ» փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կիրառման մակարդակը հասցնել ժամանակակից պահանջներին: Պլանավորված է ծրագրի փուլային իրականացում 2016-2019թթ. ժամանակահատվածում` օգտագործելով շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի վարկային միջոցները:
ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:
ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:
Հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ:
Հայկական կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար:
Մի քանի խոսք Հայկական ԱԷԿ-ի կադրային իրավիճակի մասին:
Անցյալ տարի զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունն եմ հրավիրում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար: Մենք պայմանավորվել ենք Էներգետիկայի նախարարության և ԱԷԿ-ի նոր ղեկավարության հետ, որ պետք է լիովին բացառենք բացասական երևույթները:
Առաջնային եմ համարում Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում կադրային քաղաքականության հարցերը: Հարկավոր է ամրապնդել և պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում:
Եզրափակելով` խոսքը փոխանցում եմ Անվտանգության խորհրդի նախագահին՝ նիստի հետագա ընթացքը վարելու համար:
***
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:
Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մաuնագետներից:
Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:
Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`
- ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.
- ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:
Խորհրդի անդամներն են՝
• Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)
• Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)
• Ռոբերտ Ավագյան (Հայաստան)
• Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)
• Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)
• Ալեքսեյ Ֆերապոնտով (ՌԴ)
• Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)
• Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)
• Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)
• Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)
• Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)
• Ժոզեֆ Միշակ (Չեխիա)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
8227 դիտում
15:05 27-10-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2292 դիտում
21:38 21-12-2015
Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1586 դիտում
14:24 23-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից