211652_close_icon
views-count1643 դիտում article-date 21:52 05-11-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Օբայն քաղաքում

Հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 4-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Օբայն քաղաքի Մարսել Պանյոլի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ուղևորություն դեպի Հայաստան» թեմայով միջոցառումներ: Միջոցառումները կազմակերպվել էին Օբայնի քաղաքապետարանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ֆրանս-հայկական առևտրա-արդյունաբերական պալատի և A.R.A.M. կազմակերպության (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման կազմակերպություն) կողմից: Միջոցառումների ընթացքում ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆրանսիացի կինոռեժիսոր Ժիլ Գայոտի «Հայերի գարունը» փաստավավերագրական ֆիլմը, ինչպես նաև A.R.A.M. կազմակերպության կողմից տրամադրված «Մարսելի հայերը» Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցապաստառներ, ներկայացվեցին ցեղասպանության վերաբերյալ մեկ տասյակից ավելի գրքեր: Ներկայացվեց նաև հայ գրականությունը, արվեստը, երաժշտությունը և խոհանոցը: Տեղի ունեցան մի շարք գրական-երաժշտական ընթերցումներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց ստեղծագործություններից՝ Կոմիտասի երաժշտության ուղեկցությամբ: Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ, Օբայնի քաղաքապետ Ժերար Գազայի, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի, մշակույթի գծով փոխքաղաքապետ Ֆիլիպ Ամիի, ֆրանս-հայկական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հատեմյանի, մշակույթի կենտրոնի տնօրենի, հայկական կազմակերպությունների նախագահների, ֆրանսիացիների և ֆրանսահայերի, լրագրողների մասնակցությամբ: Քաղաքապետ Գազայը իր խոսքում նշեց, որ սա Օբայն քաղաքում կազմակերպվող հերթական միջոցառումն է` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հիշատակելով ապրիլի 24-ին Օբայնում տեղի ունեցած հուշակոթողի բացման արարողությունը: Նա նշեց նաև, որ Հայոց ցեղասպանությունը անժխտելի փաստ է հանդիսանում, որի վառ ապացույցն են ֆրանսիահայությունը և աշխարհասփյուռ հայությունը, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է ընդունի այն: Հյուպատոս Սամվել Լալայանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և կազմակերպիչներին նման միջոցառում կազմակերպելու համար: Իր խոսքում ՀՀ հյուպատոսը նշեց, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մի մասը հաստատվեցին Ֆրանսիայում` դառնալով երկրի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր