211652_close_icon
views-count1536 դիտում article-date 20:32 18-11-2015

Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև առաջիկա տարիների համագործակցության ծրագիր

Նոյեմբերի 18-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն: Ողջունելով ներկաներին, նախարար Հ. Պողոսյանը շնորհավորել է դեսպանին Լատվիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, երկրին մաղթելով խաղաղություն: Իր խոսքում նախարարը նշել է, որ ծրագրի ստորագրումը կարևոր իրադարձություն է մշակութային համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման գործում: Անդրադարնալով գրական-թարգմանական ոլորտում ձևավորված համագործակցությանը, նախարարն այն լուրջ ձեռքբերում է համարել: Հասմիկ Պողոսյանը գոհունակությամբ է նշել նաև 2015 թվականին լատիշ կինոգործիչների ներկայացվածությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ինչպես ֆիլմով, այնպես էլ ռեժիսորի մասնակցությամբ: Ընդգծվել է նաև թատերական ոլորտում առկա փոխհամագործակցությունը: Նշենք, որ ստորագրված գործնական ծրագիրը բաղկացած է 18 կետից: Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային օրերի կազմակերպմանը, երկու երկրում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կողմերը կնպաստեն նաև գրական, թարգմանական և գրահրատարակչական գործունեության բնագավառներում ուղիղ կապերի հաստատմանը, կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը գրականությանը ու գրահրատարակչությանը նվիրված միջազգային միջոցառումներին, այդ թվում` գրքի տոնավաճառներին: Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին:

Նմանատիպ նյութեր