211652_close_icon
views-count15035 դիտում article-date 13:11 21-11-2015

Ողջաբերդցիներն ու հարակից գյուղերի բնակիչները նշում էին՝ խնդիրը չլուծելու դեպքում մի քանի գյուղեր ողջ-ողջ «կթաղվեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ հանրապետությունում մեծ թափով ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել, ոչ ոք չի կարող հերքել: Դրա վառ ապացույցն է Երևան-Գյումրի, Երևան-Մեղրի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհը, գյուղական մի քանի համայնքների կապիտալ վերանորոգվող ճանապարհները և այլն: Այդ ճանապարհն է նաև որպես «մայր երակ» համարվում մի քանի գյուղերի համար, որոնց բնակիչներն ասում էին նաև. «Եթե ճանապարհը պատված է լինում մերկասառույցով, անձրևների ժամանակ էլ այն վերածվում է ջրափոսերի, ապա հայտնվում ենք շրջափակման մեջ»: Այդ ճանապարհների վերանորոգման արդյունքում նախ շահում է գյուղի բնակիչը, ով կարճ ժամանակում կկարողանա գյուղերից հասնել մարզեր, մարզերից էլ՝ մայրաքաղաք: Արդեն երկար տարիներ պատկան մարմինները հայտարարում են, որ Հայաստանը պետք է դառնա տուրիզմի և զբոսաշրջության կենտրոն: Բոլորս էլ լավ գիտենք, որ եթե սփյուռքից հյուրեր են ժամանում Հայաստան, այդ թվում՝ արտասահմանցիներ, ապա շատերը ցանկանում են այցելել Գառնի, Գեղարդ, որտեղ հասնելու համար պետք է անցնել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի հատվածով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Կոտայքի Ճանշինի աշխատակիցները Ողջաբերդի ճանապարհի այդ մարդաբոյ փոսերը լցնում էին հողով՝ այդ ամենը կատարելով իրենց կամքով, քանի որ չգիտես ում խելքով էր անցել, որ այդ ճանապարհը պետք չի ասֆալտապատել: Կոտայքի Ճանշինի աշխատակիցների շնորհիվ գոնե վարորդներն իրենց ավտոմեքենաներով չեն ընկնի փոսերի մեջ: Գիտենք, որ այդ հատվածը սողանքային է և անգամ տներ են սողանքների պատճառով փլուզվել, բայց դա չի նշանակում, որ պետք է ճանապարհի այդ հատվածը թողնել բախտի քմահաճույքին: Եթե կարճ ժամանակում հերթական անգամ քարուքանդ եղած այդ ճանապարհը գոնե մասամբ չասֆալտապատվի, ապա ականատես կլինենք վթարների, քանի որ նման դեպքեր նախկինում մի քանի անգամ տեղի են ունեցել: Այդ ճանապարհով է նաև մայրաքաղաքը կապվում մի քանի գյուղերի, որոնց բնակիչները, եթե ճանապարհը պատված է լինում մերկասառույցով, ապա հայտնվում են շրջափակման մեջ: Մի քանի ողջաբերդցիներ էլ, ովքեր չէին ցանկանում տեսախցիկի առաջ զրուցել, ասում էին. «Գյուղերում շտապ օգնության կանչեր ենք ունեցել, բայց խեղճ բժիշկները, ինչքան էլ իրենց ճղեն, էլի ուշանում են, քանի որ ճանապարհ չկա: Նույնիսկ 2 անգամ շտապ օգնության մեքենայի վարորդը բժիշկների հետ հրաշքով է պրծել, երբ այս քանդված հատվածում պաշտպանիչ արգելապատնեշների բացակայության պատճառով պետք է ընկներ ձորը: Վարորդը ճիշտ է կողմնորոշվել, բայց արդյունքը եղել է այն, որ հիվանդանտերերն էլ եկել են հիվանդին տեղ հասցնողին փրկելու: Վստահ ենք, որ գոնե այս օրերին ճանապարհը մի քիչ կբարեկարգեն, հակառակ դեպքում, եթե այդ վիճակը շարունակվի 1-2 տարի, Ողջաբերդի և հարակից գյուղերի բնակիչները ողջ-ողջ «կթաղվեն» ու դրանից հետո ողջ մեղքն ու պատասխանատվությունը կընկնի ճանապարհը բարեկարգող պատասխանատուների վրա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր