211652_close_icon
views-count2525 դիտում article-date 19:05 24-11-2015

Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել. ովքեր ճանաչում են պատկերված անձին` խնդրում ենք հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր, որի հետևանքով վերջինիս պատճառվել է գույքային վնաս: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է, որ գողացված քարտերից մեկով նույն օրը Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է կատարվել գումար կանխիկացնել: Քննության ընթացքում ստացվել են բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է կանխիկացման փորձ կատարող երիտասարդը: Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են տեսանյութում և լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Տեսանյութը և լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր