211652_close_icon
views-count1688 դիտում article-date 21:41 26-11-2015

Նախարար Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը

Հարգելի Գեորգի, Հարգելի Յոհաննես, Հարգելի Էլգա, Հարգելի գործընկերներ, Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար: Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և մեծապես կարևորեց նրանում գործընկեր պետություններին ներգրավելու ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի և հանձնակատար Հանի նախաձեռնությունը: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի` նախորդ շաբաթվա քննարկումների արդյունքը լիովին արտացոլում էր գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումները։ Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Ձեզ, Յոհաննես, և խնդրել` փոխանցելու իմ երախտագիտությունը նաև Ֆեդերիկային` ԵՀՔ վերանայման գործընթացի վերաբերյալ ձեր համատեղ նամակի համար, որը ստացել եմ մեկ շաբաթ առաջ, և հավաստիացնել, որ մենք կիսում ենք նրանում տեղ գտած գաղափարները: Հարգելի գործընկերներ, Մինսկում մեր վերջին հանդիպումից հետո մի շարք կարևոր զարգացումներ են արձանագրվել: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար: Անցկացված բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել՝ մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել` ստորագրելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը՝ Բաց երկնքի քաղաքականության միջոցով ավիացիոն շուկան ազատականացնելուց հետո: Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը այն ըմբռնումով, որ սա բարեփոխումներին ուղղված գործընթաց է: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Եթե վերջինս ընդունվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, ապա Հայաստանի կիսանախագահական կառավարման մոդելը կփոխարինվի խորհրդարանականով։ Համաձայն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Այն նաև հաստատեց, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում էր միջազգային չափանիշներին։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում: Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ: Հարգելի գործընկերներ, Մենք մտադրված ենք ընդլայնել մեր ջանքերը Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության նախաձեռնության շրջանակներում և համոզված ենք, որ կշարունակենք շարժվել ճիշտ ուղով՝ հիմնված ընդհանուր արժեքների և միմյանց որոշումների ու ընտրության հարգանքի վրա։ Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր