211652_close_icon
views-count1565 դիտում article-date 15:29 28-11-2015

Հյուսիսային պողոտայում տրվել է Գինու համտես-տոնավաճառի մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը մասնակցել են Հյուսիսային պողոտայում անցկացվող երկօրյա Գինու համտես-տոնավաճառի բացմանը։ «Գինու համտես-տոնավաճառն առաջինն է Երևանում. փորձում ենք նախատոնական օրերի շեմին մեր բնակիչներին մատչելի հնարավորություն տալ համտեսելու լավ գինի, նաև գնումներ կատարելու։ Վերջերս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով նաև նմանատիպ միջոցառոււմներ են նախատեսվում: Իհարկե, դա ամենևին էլ չի նշանակում, թե մինչ այդ չէինք համագործակցում։ Մի քանի տարի է` գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ ենք կազմակերպում Երևանի տարբեր վարչական շրջաններում, և մեր համատեղ նպատակն է՝ աջակցել գյուղացիներին, որ իրենց արտադրանքը բերեն-հասցնեն վերջնական արդյունքին՝ իրացմանը, այդպիսով կզարգացնեն, կբարելավեն իրենց գործունեությունը: Այս առումով մենք պատրաստակամ ենք արձագանքելու գյուղատնտեսության նախարարության բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ Գինու համտես-տոնավաճառին 23 տնակ-տաղավարներում ներկայացված է գինեգործական ձեռնարկությունների ու անհատ գինեգործների բազմազան արտադրանք՝ գինու ավանդական տարատեսակներ ու նորույթներ։ «ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք և 2016 թվականին նույնպես անցկացնելու ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, օրեր՝ հայրենական արտադրանքի խթանման նպատակով»,- նշել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստելու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և ներկայացնելու մասնակիցներին հայկական գինեգործության լավագույն ավանդույթները: Երևանի քաղաքապետի տեղակալը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը շրջել են տոնավաճառում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արտադրանքին, զրուցել գինեգործների հետ։ Հյուսիսային պողոտայում անցկացվող Գինու առաջին համտես-տոնավաճառը գործում է նոյեմբերի 28-ին և 29-ին։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր