2751 դիտում
21:12 03-12-2015
Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն վերամշակողների և ջերմոցատերերի մասնակցությամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ խորհրդակցություն է անցկացրել շուրջ 50 ագրովերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, «Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության» նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Հայաստանի մսամթերք արտադրողների միության» նախագահ Արամայիս Բիլյանը, «Հայ գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանը, «Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի» նախագահ Սանդրո Աբովյանը, «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ Արմեն Բունիաթյանը :
Խորհրդակցության նպատակն էր քննարկել դեպի ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանումների ավելացման hարցը` կապված թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի հետ, արտահանումների գործընթացում ընկերությունների հիմնական խնդիրները և համատեղ ուժերով կազմել արտահանումների խթանման միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:
«Սա մեծ հնարավորություն է, որը մեր երկրի տնտեսության համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, և այն պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել արտահանումների ծավալները հնարավորինս ավելացնելու համար: Մենք բավականին մեծ ռեզերվներ ունենք գյուղատնտեսության ոլորտում և վստահ եմ, որ հետևողական և նպատակային քայլերի շնորհիվ կարող ենք ոլորտում առավել տպավորիչ արդյունքներ գրանցել: Կառավարությունը մեծապես կարևորում է վերամշակող ճյուղի դերը գյուղատնտեսության զարգացման գործում և միշտ պատրաստակամ է քննարկել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարար Կարապետյանի խոսքով` արդեն իսկ հայտնի է այն գյուղմթերքների ցանկը, որը կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: Դրանք են` թարմ և վերամշակված պտուղ-բանջարեղենը, ձկնեղենը, չրերը, վերամշակված մսամթերքը և կաթնամթերքը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հավելել է, որ սա մեկ տարվա մեջ հայկական արտադրողների համար երկրորդ շանսն է դեպի ՌԴ ավելացնելու արտահանման ծավալները: Նրա խոսքով` առաջին հնարավորությունը ստեղծվեց, երբ Ռուսաստանը եվրոպական երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, սակայն այժմ միջավայրն ավելի բարենպաստ է մեզ համար, քանի որ Թուրքիան մեր հիմնական մրցակից երկիրն էր ՌԴ շուկայում:
Խորհրդակցության ժամանակ ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ արտահանողներին ռուսական շուկայում գործընկերային կապեր հաստատելու հարցում:
Հանդիպման ընթացքում նախարար Կարապետյանը լսել է մասնակիցների կողմից տարբեր ոլորտներում բարձրացված հարցերը և նշել, որ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն` հնարավորության սահմաններում լուծումներ տալու նպատակով
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
15:27 13-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
3738 դիտում
19:13 16-05-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
1039 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3193 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1204 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան