211652_close_icon
views-count1838 դիտում article-date 22:23 04-12-2015

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 3-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղար Ալան լե Ռոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 7-ին նախատեսված` Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ/Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպման և ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկման հետ կապված հարցեր: Այնուհետ ԵԱԳԾ Գլխավոր քարտուղարի խնդրանքով դեսպան Մարգարյանը հանգամանալի տեղեկատվություն տրամադրեց դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին: Անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մտքեր փոխանակվեցին Եվրոպական Հարևանության Քաղաքականության վերանայման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք կարևորվեցին մյուս շաբաթ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև մոտակա ամիսներին` Հորիզոն 2020 և Համատեղ ավիացիոն տարածքի համաձայնագրերին Հայաստանի միանալը: Ընդգծվեց նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու կարևորությունը: Կողմերը քննարկեցին առաջիկայում նախատեսված փոխադարձ այլ բարձրաստիճան այցերին վերաբերող հարցերը:

Նմանատիպ նյութեր