211652_close_icon
views-count1246 դիտում article-date 13:57 10-12-2015

Գերմանիայի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հյուրընկալվել ենՀՀ Փաստաբանների պալատում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հյուրընկալվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը: Հանդիպումը կազմակերպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ): Պատվիրակության կազմում են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փաստաբանների պալատի գործադիր տնօրեն Վերոնիկա Հորերը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Օտմար Քուրին, ինչպես նաև IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանցիսկա Զիմոնը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու երկրների փաստաբանական համայնքների միջև համագործակցությունը՝ նշելով, որ գերմանացի գործընկերների հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է (առաջինը եղել է 2015թ. նոյեմբերին Թբիլիսիում), որտեղ կողմերի քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ երկու երկրներում էլ (Հայաստան, Գերմանիա) փաստաբանների խնդիրների ու մարտահրավերների էությունների միջև կան ընդհանրություններ: Գերմանացի գործընկերներին ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի գործունեությունների ուղիները: ԳԴՀ փաստաբանների պալատի գործադիր տնօրեն Վերոնիկա Հորերը Գերմանիայի 165.000 փաստաբանների անունից ողջունել է փաստաբանների պալատի ներկայացուցիչներին և նշել է, որ դաշնային պալատի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Օտմար Քուրին հանդիսանում է քրեական գործերով Գերմանիայի լավագույն փաստաբաններից մեկը, ինչպես նաև ղեկավարում է Համբուրգ քաղաքի տարածաշրջանային փաստաբանների պալատը: Պարոն Օտմար Քուրին իր ելույթում ներկայացրել է Գերմանիայում փաստաբանական գործի զարգացման պատմությունը: Նրա խոսքով, նախկինում փաստաբանները գտնվում էին պետության հոգածության ներքո, սակայն հետագայում պետությունը փոխանցել է այն փաստաբանների ինքնակառավարմանը: Գերմանիայում գործում են 28 փաստաբանական պալատներ, որոնք հավասարեցված են Գերմանիայում գործող դատարանների թվին: Այդ 28 փաստաբանական պալատներից միայն 6-7 են առավել խոշորները: Գերմանացի գործընկերներին հետաքրքրել է Հայաստանում փաստաբանների ժողովի կազմակերպման առանձնահատկությունները, քանի որ տարածաշրջանային պալատներում շատ դժվար է լինում կազմակերպել ընդհանուր ժողովներ: Չեն կարողանում նույնիսկ ապահովել փաստաբանների 10 տոկոսի մասնակցությունը: Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման հեռակա կարգը, որի ընթացքում յուրաքանչյուր ընտրող փաստաբան հնարավորություն է ունենում ամբողջ օրվա ընթացքում գալ և գաղտնի քվեարկության միջոցով իր դիրքորոշումը հայտնել` նախապես ներկայացված օրակարգային հարցի կամ նախապես գրանցված թեկնածուի վերաբերյալ, ինչը մեծացնում է ընդհանուր ժողովին փաստաբանների մասնակցության հնարավորությունը: Համբուրգի փաստաբանների պալատը, ըստ գերմանացի գործընկերոջ, կառավարվում է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված վարչության 24 անդամների և վերջիններիս կողմից ընտրված նախագահության կողմից: Պալատն ունի 10.000 անդամ: Գերմանիայի փաստաբանների անդամավճարի տարեկան գումարը կազմում է 280 եվրո, որը վճարվում է տարեկան կարգով` նախապես: Հայաստանի փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն Իրինա Փիլոյանը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության փաստաբանության մասին օրենքը և դրանից բխող կարգավորումները: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայ փաստաբանները գերմանացի գործընկերների հետ միասին քննարկելու են ՙՊաշտպանի դերը նախաքննության և դատաքննության ընթացքում՚ թեմային առնչվող հարցեր` վերապատրաստման դասընթացի շրջանակում:

Նմանատիպ նյութեր