1009 դիտում
19:25 10-12-2015
Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենդրության պահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից. Օմբուդսմեն
Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է Օմբուդսմենին Ազատության հրապարակում վրանի տեղադրման կապակցությամբ: Հաշվի առնելով հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանր սպառնացող վտանգը, ինչի կապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելու խնդրանքը Օմբուդսմնեը հրատապ գրություն է ուղարկել Ոստիկանություն: Ստորեւ կարող եք տեսնել Օմբուդսմենի գրությունը.
«Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրային հավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի եւ առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազոր մարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաեւ վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ ստացված կարծիքի հիման վրա մերժել վրան տեղադրելու մասին դիմումը:
Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը եւ վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ կատարող հավաքի մասնակիցներին:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներն ու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառույցների եւ վրանների տեղադրումը:
Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք է ապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-ն ամրագրվել է նաեւ այն սկզբունքը, որ հավաքի մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք՝ այլ առօրյական նպատակներով:
Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորությունների համատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքների ազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:
Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր են ղեկավարվել համաչափության, կամայականության արգելքի եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:
Հետեւաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորված հավաքն ուղեկցող գործողություն, իրավաչափ է եւ չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջության պաշտպանության կարեւորությունը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալ հավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ու պատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը եւ արդյունքների մասին իրազեկել»:
[b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
10:10 09-09-2016
«Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» «ինքնըստինքյան» կդառնան ռուսական օղի. «Չորրորդ իշխանություն»
1753 դիտում
16:28 30-12-2020
Օմբուդսմենը շեշտում է իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիությունը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»