80145 դիտում
22:08 04-01-2016
Ճանապարհային ոստիկանները, ճանշինականները, փրկարարները, զորամասի հրամանատարն ու մարզպետը հավատարիմ մնալով մարդ լինելու կոչմանը` 9 ժամից ավելի է պայքարում են ձնաբքի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 4-ին, վաղ առավոտվանից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխավան ավտոճանապարհին երթևեկությունը վարորդների համար դարձել է կենաց-մահու պայքար:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի Ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել մատը մատին խփել, նշված ճանապարհից հեռացնել ձյունը, կատարել ճանապարհի աղի, ավազի մշակման աշխատանքներ, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված հատվածում դարձել է իսկական պատուհաս վարորդների համար:
Կապի և տրանսպորտի նախարարությունը արդեն մի քանի օր է`հսկայական աշխատանքներ է կատարում ճանապարհներից ձնի հեռացման և մշակման ուղղությամբ, սակայն, ցավոք, որոշ անպատասխանատու ճանշինականներ չեն բարեհաճում նստատեղերը դուրս հանել իրենց փափուկ բազկաթոռներից ու կապիկի տարում լրիվ մտել են կապիկի դերի մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երասխավանից մինչև Սիսիանի Զանգեր բոլոր ճանապարները տեղի ճանշինականների ուժերով մաքրվել են, կատարվում է ճանապարհների ավազով և աղով մշակման հսկայական աշխատանք, նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի տրակտորներ ճանապարհից հեռացնում են ձյունը, սակայն վայրկյանների ընթացքում ուժեղ բուքը նորից գրոհում է ճանապարհների վրա: Դրանից հետո ճանշինի աշխատակիցները նորից շարունակում են իրենց աշխատանքը:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են Կապի և տրանսպորտի նախարարության և ճանշինների աշխատակիցների հետ ձնաբքի տակից դուրս բերել անվտանգ վայր, որոնց մեջ մեծ թիվ են կազմում մեծահասակներ, կանայք և երեխաներ:
Գորիսի տարածաշրջանում քաղաքացիներին ձնաբքի տակից դուրս է բերում տեղի ճանշինականների հետ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով արդեն 7 ժամից ավելի է չի լքում Գորիս- Սիսիան ճանապարհահատվածը:
Մի քանի քաղաքացիների էլ ձնաբքի տակից դուրս բերեց ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը: Հիմնականում իր ավտոմեքենայով մանկահասակ երեխաներին և նրանց ծնողներին Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածից տեղափոխեց անվտանգ վայր:
Այս պահին Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը ուժեղ բքի պատճառով փակվել է և այդ պայմաններում ճանապարհային ոստիկանները, ճանշինները Սյունիքի մարզպետարանի և տեղի հշրեջ-փրկարարները անում են անհրաժեշտ ամեն քայլ` ճանապարհը բացելու համար, բայց քամին իր չար կատակը դեռ շարունակում է:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եղել են նաև ծալապակաս, «ուղեղները շպրիցով հանած» ջիպավոր վարորդներ, ովքեր շրջանցում են ճանապարհային ոստիկաններին, ասելով, թե` մեր մեքենաները ամենագնաց են, մենք խնդիր չունենք, կանցնենք և մարդկանց հորդորներին չլսելով` անցնում են չթույլատրելի հատվածով, իսկ 15 րոպե հետո ջիպավորները զանգահարում ու հայտնի Խաթաբալա ֆիլմի լացող կնանոց նման վայնսունները կապում են, թե` հասեք, մնացել ենք ձնաբքի տակ:
Այդ դեպքում էլ մարդիկ հավատարիմ մնալով մարդ լինելու իրենց կոչմանը` գնում և ձնաբքի տակից դուրս են բերում այդ ծալապակաս ջիպավորներին:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+