211652_close_icon
views-count1230 դիտում article-date 22:32 11-01-2016

Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել խորհրդատվություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական, նաև նախորդ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում և բժշկական հաստատություններում սահմանված է եղել հատուկ հերթապահություն: Բուժհաստատություններ դիմած բոլոր 2545 քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել է խորհրդատվություն: Այս, ինչպես նաև վերջին օրերին նկատվող սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված բժշկական հաստատություններ դիմած քաղաքացիների վիճակագրության մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ընթացքում: Աշխատակազմի առողջապահության վարչության պետը մասնավորապես զեկուցել է, որ մյուս տարիների նույն ժամանակահատվածի համեմատ բուժհաստատություններ դիմած քաղաքացիների թիվն, ըստ էության, փոփոխություն չի կրել: Նշվել է նաև, որ այն սեզոնային բնույթ է կրում և ամեն տարի կրկնվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի աշխատանքները պահել ամենօրյա հսկողության տակ՝ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն և սպասարկում:

Նմանատիպ նյութեր