211652_close_icon
views-count2779 դիտում article-date 16:07 19-01-2016

Մեկնարկում է Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը

Հունվարի 19-ին Երևանում կայացավ Համաշխարհային բանկի (ՀԲ) Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնելու աղետներին դիմակայելու կարողությունները: Դա ենթադրում է աղետների ռիսկի տեղեկատվության բարելավում, աղետների ռիսկի նվազեցման խթանում, աղետներին պատրաստվածության ուժեղացում, աղետների ֆիսկալ դերերի և ռիսկի ֆինանսավորման տարբերակների բարելավելում: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, դոնոր և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին` ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանն ընդգծեց, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է առաջ և կարևորեց այս ծրագրի իրականացումը: Աղետների ռիսկի կառավարման մասնագետ, ծրագրի թիմի ներկայացուցիչ Կո Տակեուչին նշեց, որ ծրագրի իրագործման համար Ճապոնիայի կառավարությունը և Համաշխարհային բանկը կհատկացնեն 1.75 միլիոն ԱՄՆ դոլար: - Հայաստանում գործում են ռիսկերի կառավարման գրեթե նույն համակարգը և ավանդույթները, ինչպիսին Ճապոնիայում են: Սա նշանակում է, որ մենք դասեր ենք քաղում անցյալի դառը փորձից և զարգացնում ոչ միայն արձագանքման, այլև` ռիսկերի նվազեցման կարողությունները: Ակնկալում ենք, որ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ կապահովենք դրական արդյունք,- ընդգծեց Կո Տակեուչին: Երախտիքի խոսքեր հղելով ՀՀ և Ճապոնիայի կառավարություններին, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը: - Երկրաշարժերից բացի Հայաստանի առջև ծառացած է նաև երաշտի, կարկտի, սողանքների և հեղեղումների լուրջ վտանգ: Այս պատճառով է, որ Հայաստանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի աղետների ռիսկերի կառավարմանը: ՀԲ-ն մեկնարկում է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը՝ այս ոլորտում ՀՀ կարողությունները զարգացնելու նպատակով՝ ազգային, տեղական ու համայնքային մակարդակներում,- եզրափակեց Լ. Բեյլին: Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին ընդգծեց աղետների դեմ պայքարում Հայաստանի և Ճապոնիայի ընդհանրությունները՝ նշելով, որ երկու պետությունների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և Ճապոնիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին աղետակայուն երկիր ստեղծելու հարցում: Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Ն. Գրիգորյանը, Ճապոնիայի կառավարությանը և ՀԲ-ին շնորհակալություն հայտնելով նման ծրագիր նախաձեռնելու համար, նշեց. - Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրած 28 հրշեջ-փրկարարական մեքենաների օգնությունը: Ճապոնիան աղետների դեմ պայքարում օրինակելի պետությունը է: Այն 2011 թ. ցունամիից հետո աշխարհին ապացուցեց, որ եթե ունես աղետների ռիսկերը նվազեցնելու և դրանց դիմակայելու պատրաստակամություն, ապա կարող ես հրաշքներ գործել: Դա հնարավոր եղավ նաև հասարակության բարձր գիտակցության շնորհիվ,- ասաց Ն. Գրիգորյանը: Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և ՀԲ «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» և տեխնիկական աջակցության Տոկիոյի Աղետների կառավարման կենտրոնի շնորհիվ: Այս համատեքստում սերտ փոխգործակցություն կլինի ՀՀ համապատասխան նախարարությունների, Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև: Ծրագիրը կաջակցի, որպեսզի Հայաստանի ԱՌՆ ռազմավարությունը համապատասխանեցվի Սենդայի գործողությունների ծրագրին, ինչպես նաև կայուն զարգացման ՄԱԿ-ի նպատակներին: Աղետների ռիսկի կառավարմանն ուղղված առաջին քայլը կլինի վտանգի և խոցելիության ընկալումը: Ռիսկի գնահատումը և քանակական վերլուծությունը, ինչպես նաև բնական աղետների հնարավոր ազդեցությունների նախատեսումը կարող են օգնել կառավարությանն արդյունավետ որոշումներ կայացնել և լինել ավելի լավ պատրաստված: Ծրագիրը կնպաստի նաև ազգային սեյսմիկ վտանգի գնահատմանը և սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի մշակմանը, որը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ շինարարական նորմերում: Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրն իրականացվելու է մինչև 2017 թ. վերջը:

Նմանատիպ նյութեր