211652_close_icon
views-count4079 դիտում article-date 20:48 23-01-2016

Մահարուն փրկող հրեշտակը՝ Անտոնինա Մահարի. Արայ Զարգարեան (Էսսե)

Ինձ համար Կասյան փողոցը ոչ մի անգամ չի տպավորվել իր դրական կամ բացասական կողմերով։ Փողոցի շենքերից մեկի ճարտարապետական դիզայնից դուրս պոկված գրությունը հաստատում էր, որ այս շենքում է ապրել Գուրգեն Մահարին։ Շենքի աստիճաններով բարձրանալիս մի տեսակ հանգստություն էր զգացվում, բացակայում էր տագնապը։ Մի քանի հարկ բարձրանալուց հետո հայտնվեցինք սպիտակավուն դռան դիմաց։ Մի տեսակ տառապանք ու թախծոտ հիշողություն կար դրա մեջ, բայց այն չափից շատ խորհրդավոր էր ինձ համար։ Դռան երեք թակոցներից հետո ենթագիտակցորեն շունչներս պահեցինք։ Թմբկաթաղանթն ամբողջ ուժով էր աշխատում։ Դռան ետևից ռուսերեն արձագանքներ լսվեցին՝ նման թունելային մթության մեջ թաթախված ձայների։ Ռուսերեն լավ չէի հասկանում, և նրա հետ սկսեց զրուցել ընկերուհիս։ Մի քանի խոսք փոխանակելուց հետո փորձեց բացել դուռը։ Բանալին մի քանի անգամ կատարեց ձայնային պտույտներ։ Ժանգոտ կողպեքի մեջ կատարվող պտույտները վախ ներշնչեցին։ Լսվեց խորհրդավոր դռան ճռռոցը։ Մի քանի վայրկյան տևած սարսափային ոռնոցից հետո կիսաբաց դռան մեջտեղում՝ մթության մեջ, հայտնվեց սպիտակ մի դեմք՝ կիսափակ ու կնճռոտված։ Մեզանից մի քանիսի մեջ վախ հայտնվեց, բայց կեղծ հանգստություն կար մեր դեմքին։ Ենթագիտակցորեն գլխուղեղիս մեջ սկսեց թավալվել Ռասկոլնիկովյան հոգեվիճակ։ Դուռը աստիճանաբար ավելի բացվեց ու լսվեց ծեր կնոջ հյուրընկալ ձայնը։ Գլխուղեղումս ծորացող մտքերն իսկույն հոշոտվեցին։ Քայլեցինք ու նստեցինք արևային լուսավորությամբ պատված սենյակում։ Տունը զուրկ էր էլեկտրականությունից։ Մթությունը յուրահատուկ տեսք էր տվել տանը։ Այդ կինը Գուրգեն Մահարու կինն էր՝ ութսունամյա Անտոնինա Մահարին։ Սենյակը, որտեղ նստած էինք, կնոջ աշխատասենյակն էր, որը ձեռագործ փոքրիկ թանգարանի էր նման։ Պատերը ծածկված էին նկարներով, նամակներով ու գրություններով։ Գրապահարանները լցված էին գրքերով։ Կինը պատմում էր Մահարու կյանքը։ Կյանքում առաջին անգամն էր, որ ուշադրության ու ուղեղի ամենամեծ լարումով լսում էի ութսունամյա ծեր կնոջ խոսակցություն։ Կյանքում տեսած ու ապրած մեծ տառապանքը չեր ընկճել կնոջը։ Կնճռոտված մարմնի մեջ հանգիստ տեղավորված աչքերը խաղաղ ու վստահ տեսք ունեին։ Մարմինն ամբողջովին ծածկված էր մռայլ զգեստների անորոշ քանակությամբ։ Սենյակի սեղանի վրա դասավորված ափսեները զարմացնում էին իրենց կանոնակարգված դասավորությամբ։ Սենյակը իր մաքրությամբ ստիպել տվեց ինձ անկեղծորեն ջրի երես հանել իմ կեղտոտությունը։ Իրերը շատ հին էին, բայց կնոջ կողմից ցուցաբերված հոգատարությունը աննկարագրելի թարմություն էր տալիս այդ ամենին։ Սենյակի անկյունում՝ լուսամուտի կողքին դրված հեռուստացույցը ծածկված էր մեռելային սև գույնով։ Այդպես էլ կոկորդիս մեջ տանջամահ եղավ այդ հարցը, թե ինչու։ Մեր հարցերին պատասխանում էր վստահ ու մեկ-մեկ ընդմիջում էր կատակներով։ Ինձ զարմացրեց նրա մտքի աշխատանքն ու խելացիության ֆենոմենալ պահպանությունը։ Այդ ամենը տեսնելուց հետո ես ամաչեցի ինքս ինձ հետ միայնակ մնալ ու մտածել։ Հրաժեշտի ժամանակ սեղմեցի ձեռքը։ Կանացի ուժն ու գեղեցկությունը, միախառնվելով բնությանը, կնոջը կարող են դարձնել ուժեղ, պինդ ու անպարտ։ Հեռանալիս խոստացանք, որ անպայման վերադառնալու ենք։ Դռնից դուրս գալուց հետո, երբ իջնում էինք աստիճաններից, ետ շրջվեցի։ Ուզում էի մթության մեջ տեսնել սպիտակ դեմք ու զույգ ծերացած աչքեր, բայց չկարողացա տեսնել, քանի որ խորհրդավոր դռները մեզ դուրս էին շպրտել պատմական իրականությունից։ Աստիճաններն իջնելիս միակ բանը, որ ինձ ժպտալու առիթ տվեց, այն էր, որ Անտոնինա Մահարուն խոստացանք անպայման վերադառնալ: Արայ Զարգարեան Աղբյուրը՝ [url=http://www.qayl.am/12-11-2015-13/]qayl.am[/url]

Նմանատիպ նյութեր