211652_close_icon
views-count17635 դիտում article-date 23:00 17-04-2016

«Նվիրում եմ Էրիկ Գրիգորյանին, ով զոհվեց մարտական դիրքերում» Արայ Զարգարեան

«Երբ կյանքի ու մահվան օրերը համընկնում են»․ Մարդ ծնված օրվանից արդեն իսկ բավական ծեր է մահանալու համար։ Ծերության ու մահվան միջև ընկած կարճ տարածությունը կոչվում է սպասում։ Մենք անընդհատ սպասում ենք։ Հավատացեք, եթե կյանքում չլինի սպասումը, ապա մենք շատ շուտ կհանձնվենք։ Բայց տարօրինակ փաստերից մեկն այն է, որ սպասումի ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ, կյանքի վայրկյանները մի կողմ շպրտելով, ավելի ենք մոտենում զրոյական մակարդակին։ Կյանքում ամենածանր ու դժվար իրականություններից մեկը ծնողի սպասումն է։ Հիշում եմ, թե ինչպես ինձնից հեռու, բայց աչքերիս դիմաց ծերացավ մայրս։ Բանակում անցկացրած երկու տարիները, ժամանակային առումից բացի, խլեցին մորիցս երիտասարդությունն ապացուցող մազերի սև գոյությունը։ Մայրս ծերացավ։ Երբ զորացրվեցի ու մտա տուն, առաջինը, որ աչքս որսաց, մորս ծերությունն էր։ Այդ վերացական երևույթը, միախառնվելով ժամանակի ու իրականության հետ, դառնում է տեսանելի ու զգացական։ Ամեն տարիք ու շրջան ունի սպասումի իր փուլն ու տրամաբանությունը։ Երբ հարազատ որդիդ կանգնած է լինում կյանքի ու մահվան սահմանագծում, այդ ժամանակ փշալարերից այս կողմ կյանքը դառնում է իմաստալից։ Այդ օրը փշալարերը պոկվել էին շատերի սրտերից։ Քարացած ու ծանրացած երկաթյա փշերը 2 տարի խոցելուց հետո պիտի հետ նահանջեին։ Նահանջ չկա կյանքում։ Մարտական դիրքերում նահանջում են միայն նրանք, ովքեր չեն զգում իրենց սրտի մեջ խրված ժանգոտ փշալարի գոյությունը։ Այս պարագայում իրականությունը հանդես է գալիս ժանգոտ երկաթի տեսքով։ Մայրական սրտում խոցված լարերը հոսանքազրկվեցին։ Ջերմության ու սպասումի նոտաները դադարեցրին իրենց լարախաղը։ Ամենադժբախտ մարդիկ նրանք են, ովքեր տեսնում են այն, ինչը վիճակված է ուրիշին։ Սատանայական չարագործությունների թվին է պատկանում ուրիշի սպասումի գողությունը։ Հիմա ամեն ինչ անցյալ է ու մոխիր։ Մայրական վերջին համբույրն ու սպասումից ծնված սիրո երջանիկ, բայց տանջված թրթիռը։ Անիմաստ է կյանքի նկատմամբ հավատն ու փամփուշտի նկատմամբ անգիտակից ատելությունը։ Հիմա մարդկային միտքը զիջում է մտքի երկաթյա թռիչքին։ Տխուր է, երբ գալու փոխարեն բերում են, սակայն առյուծածին հպարտությամբ է թաթախված մայրական մարմարյա արցունքը։ Երբ մարդկային գիտակցությունը բխում է հաղթական ոգուց, այդ ժամանակ մարդը դառնում է անպարտելի։ Ամենաուժեղ մարդիկ նրանք են, ովքեր, մահվան դիմաց կանգնած լինելով, ժպտում են ու քայլում առաջ։ Լույսը մարեց։ Բոլորը պառկեցին քնելու։ Արդեն անիմաստ է սպասել նրան, քանի որ տան սենյակում՝ մթության մեջ, արդեն հարդարված է քաջ զինվորի զգեստները։ Նրանք դատարկ են, քանի որ էլ դու չկաս։ Նյութի աղբյուրը՝ [url=http://www.qayl.am/05-12-2015-13/]www.qayl.am[/url]

Նմանատիպ նյութեր