211652_close_icon
views-count1981 դիտում article-date 09:49 26-01-2016

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ պետության հաշվին զվարճացողներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԵԽԽՎ-ում պետք է քվեարկության դրվեն երկու հակահայկական զեկույցներ՝ «Բռնության աճը ԼՂ և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է երեկ և ձգվելու է մինչև հունվարի 29-ը: Այս իրավիճակի պատասխանատուն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է՝ ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի և եվրոպական կառույցներում ներկայացված մյուս բոլոր ԱԺ պատգամավորների, որոնք եվրոպացի գործընկերների հետ աշխատելու, հայկական դիվանագիտական թեզերը քարոզելու փոխարեն եվրոպական երկրներ գնալիս զվարճանում են և թրև գալիս խանութներում՝ վերջում համացանցում իրենց լուրջ դեմքով նկարներից տեղադրելով: Այսինքն՝ խորհրդարանական դիվանագիտությունը վաղուց ետին պլան է մղվել՝ փոխարինվելով «պետության հաշվին զվարճացողների» ինստիտուտի: Եվ հիմա նշված փաստաթղթերի «չեզոքացման» գործընթացը «չոքել է» բոլորիս դռանը ու ՀՀ նախագահի նստավայրից հերթով սկսել են հրահանգներ իջեցնել՝ ով ինչպես պետք է աշխատի, ում հետ հանդիպի՝ դրական արդյունք ապահովելու համար: Իշխանության հատկապես երիտթևը անգլերենի իմացությունը միջանցքներում «ճոճելով»՝ գործի է անցել՝ փորձելով ապացուցել նախագահականին, որ եվրոպական «ֆրոնտում» իրենք մրցակից չունեն: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս նպատակով հատուկ խումբ է ձևավորվել, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Վերջինս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ շփման մեծ փորձ ունի, ինչն էլ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել հակահայկական զեկույցների ընդունումը տապալելու գործում: Զեկույցների դեմ պայքարի դրոշակակիրներից են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը և Նաիրա Կարապետյանը, որոնց նույնպես ընդունված է համարել իշխանության երիտթևի ներկայացուցիչներ: Բացի այդ՝ երեկ Ստրասբուրգ են մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եթե իշխանական երիտթևին հաջողվի այս՝ անհույս թվացող իրավիճակը դրական հանգուցալուծել, ապա այդ փաստը բավական լուրջ հաղթաթուղթ կդառնա նրանց ձեռքին ներիշխանական ապագա խմորումներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր