211652_close_icon
views-count47329 դիտում article-date 23:13 21-10-2024

Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. տարել են նաև չհրկիզվող պահարանը, որում եղել են 10 մլն դրամ և նույնքան արժողությամբ էլ ոսկյա զարդեր. գողության մեջ տուժածների հարազատները մեղադրում են նաև պարեկներին

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։

Դեպքի մասին ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։

Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Եթե գյուղում թաղային ու պարեկ չեն բարեհաճում օրը գոնե մեկ ժամ երևան, բա վիճակն էս պիտի լինի։ Էդքան պարեկներ նշանակեցին, բա ձևի համար գոնե մի հատ պարեկ չլինե՞ր գյուղում։ Հետո էլ ասում են, թե պարեկներին հանձնարարվել է, որ գյուղերում, անգամ ծայրամասերում ծառայություն կատարեն, իսկ մեր Արմավիրի պարեկներին երևի մենակ մտահոգում են Արմավիր ու Վաղարշապատ քաղաքները, իսկ գյուղերում չեն էլ բարեհաճում օրը գոնե մի քանի ժամ ծառայություն կատարեն։ Էլի ենք ասում, եթե պարեկներ «ֆռային», կվախենային գողություն կատարել»։

Լուսանկարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր