211652_close_icon
views-count1404 դիտում article-date 13:04 01-02-2016

Ավստրիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը

Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2013-2015թթ. ընթացքում Ավստրիայում տեղի ունեցած քաղաքական, գիտակրթական, մշակութային ու սպորտային միջոցառումները, ինչպես նաև քննարկվեցին բոլոր այն նախագծերը, որոնք հասարակական լայն հնչողություն ստացան ինչպես Ավստրիայում և Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Հատուկ ընդգծվեց հայոց պատմության ամենասև էջերից մեկի վերաբերյալ Ավստրիայի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների՝ պատասխանատվության իրենց մասը ընդունելու, 100-ամյա վաղեմության փաստերի առնչությամբ համերաշխ դիրքորոշում հայտնելու անկեղծ պատրաստակամությունը: Այդ առնչությամբ առանձնացվեց Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից 2015թ. ապրիլի 22-ին ընդունած Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող ու դատապարտող հայտարարությունը, տեղական մարմինների (մասնավորապես՝ Վիեննա քաղաքային իշխանությունների) նմանօրինակ հայտարարությունները, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ, կարդինալ Շյոնբորնի հովանավորած միջոցառումները: Մշակութային ձեռնարկներից ամենահնչեղները ճանաչվեցին հայ մշակույթի փառատոնը Ավստրիայում, Կարեն Ասատրյանի և իր ղեկավարած Armenian Spirit համույթի Ավստրիայի բոլոր խոշոր քաղաքներում տեղի ունեցած համերգները, Վիգեն Կզարթմյանի «Վերածննդի արմատներ» համերգային նախագծի կատարումը Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Շնորհիվ ավստրիական ԶԼՄ-ների կողմից տվյալ և շատ այլ ձեռնարկներ մշտապես լուսաբանելու հանգամանքի, հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի մասին տեղական ռադիոյի և հեռուստատեսությամբ ներկայացված հեռուստաշարերի, թերթերի տպագրությունների, բոլոր միջոցառումները լայն արձագանքի արժանացան ավստրիացի հանդիսատեսի և հասարակայնության շրջանում: Ամփոփելով վերջին տարիների արգասաբեր գործունեությունը, դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնախմբի բոլոր անդամներին, ավստրիահայ համայնքային կազմակերպություններին ու անհատներին՝ իրենց անմնացորդ աշխատանքի համար: Վերջում դեսպան Կիրակոսյանը ՀՀ նախագահի շնորհակալագրերը հանձնեց Հայ առաքելական եկեղեցու խորհրդի վարչության ատենապետ Ռուբինա Ղազարյանին, ավստրիահայ գործարար Հայկ Ասենբաուեր-Ճկնավորյանին, և հանձնախմբի մյուս անդամներին:

Նմանատիպ նյութեր