211652_close_icon
views-count2464 դիտում article-date 09:13 03-02-2016

Դաշնակցության «զադնին». ՀՅԴ-ի խաղը մինչև ՀՀԿ-ի մարագ հասնելն էր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ: Իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստամյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետևություններ կանեն: Եվ ահա այսօր Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել և լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինակազրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ ՀՅԴ-ին էլ է նույնը վերաբերում: Այսպիսով՝ Դաշնակցությունը «զադնի» է դնում: Իրավիճակը դառնում է իսկապես ծիծաղելի, գրեթե այնքան, որքան հանրահայտ Կարգին սկետչերից մեկը. հարևանը պատուհանից դուրս է նայում ու ծխում, փոքր կոնֆլիկտ է ունենում հարևան պատշգամբից դուրս նայող երեխայի հետ և արժանանում երեխայի սուր պատասխանին: Դրանից հետո դիմում է նրա հորը, որն էլ պատժում է երեխային այդ պատասխանի համար: Հաջորդ օրը հարևանը նույն ինքնագոհությամբ ծխում է, տեսնում երեխային պատշգամբում, աչքի տակ այտուցված, ու հարցնում է, թե՝ «խելքը գլուխը հավաքե՞լ է»: Երեխան տալիս է անսպասելի պատասխան՝ «երեկվա ասածս ուժի մեջ է»: Արմեն Ռուստամյանը փաստորեն չկարողացավ նույնիսկ այդ տարբերակով պատասխանել և գոնե այդպես կրկնել իր խոսքերը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ին հաջողվեց, այսպես ասած, հոգեբանական առավելության հասնել ՀՅԴ-ի հանդեպ՝ չափելով այն սահմանը, մինչև ուր կարող է գնալ այդ կուսակցության ղեկավարությունը: Պարզվեց, որ ՀՅԴ-ի խաղը մինչև ՀՀԿ-ի մարագ հասնելն էր: Այդպիսով՝ ՀՀԿ-ն փաստորեն ցույց տվեց, թե հնարավոր կոալիցիայում ուժերի ինչ հարաբերակցություն է լինելու, եթե, իհարկե, կոալիցիա լինի: ՀՀԿ-ն գործնականում փայլուն օգտագործեց Դաշնակցության վրիպումը, որ թույլ էր տվել Արմեն Ռուստամյանը, և դուրս եկավ դիրքային մեծ առավելության: Ընդ որում, չի բացառվում, որ Դաշնակցությունն այդ վրիպումով անհարմար վիճակի մեջ է դրել նաև Սերժ Սարգսյանին, որը Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությամբ ՀՀԿ-ում հանդիպել էր դիմադրության: Փաստորեն, ՀՅԴ-ի վրիպումը ՀՀԿ-ականներին փաստարկ և խաղաքարտ տվեց Սերժ Սարգսյանի դեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր