5413 դիտում
22:14 06-02-2016
Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Մեղրիում ներկա է գտնվել տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացմանը:
«Մեծ ոգևորությամբ ենք մասնակցում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` վերջին տարիներին, տեսանելի աշխատանքներ են իրականացվել սյունեցիներին ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններով ապահովելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում, առողջապահության նախարարության, ծրագրերի իրականացման գրասենյակի և մարզպետարանի համատեղ ջանքերով հնարավոր է դարձել հիմնանորոգել և վերազինել Գորիսի, Քաջարանի ու Կապանի բժշկական կենտրոնները, ինչպես նաև կառուցել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի գեղեցիկ և ժամանակակից մասնաշենքը:
Նախարարն ընդգծել է, որ մարզում արդի ենթակառուցվածքների ստեղծումը և բարելավումը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր իսկ, էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունների հասանելիությամբ Սյունիքն առաջատար մարզն է Հայաստանում: Հաշված ամիսներ անց, Գորիսի բժշկական կենտրոնում կտեղադրվի գերժամանակակից համակարգչային շերտագիր:
Սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությամբ Գորիսում ստեղծվել և գործում է մարզային երկրորդ սրտային ինվազիվ վիրաբուժության կլինիկան: Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» ծրագրով, արդեն իսկ մարզում փրկվել է շուրջ 5 տասնյակ մարդու կյանք: Զուգահեռաբար, մարզպետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում Սիսիանի բժշկական կենտրոնի փուլային արդիականացումն իրականացնելու ուղղությամբ:
Այսպիսով, ծրագրերի իրականացման արդյունքում, Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան՝ որակյալ բժշկական օգնություն ստանալու համար, այլ հնարավորություն կունենան ախտորոշվել և բուժվել տեղում` իրենց բնակավայրերին մոտ:
Արմեն Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց կենտրոնը լինելու է օրինակելի բժշկական հաստատություն և ծառայություններ է մատուցելու, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ` հարևան երկրից ժամանած հիվանդներին:
Շնորհավորելով ժամանակակից բժշկական կենտրոնի բացման կապակցությամբ` նա առողջապահության բնագավառի աշխատակիցների անունից, խորհին երախտագիտություն է հայտնել Հանրապետության Նախագահին` ոլորտի նկատմամբ ունեցած մեծ ուշադրության և աջակցության համար:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ նախատեսվել էր Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները միավորել՝ ստեղծելով նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Նախատեսվել էր նաև մինչև 2016թ. հունիսի վերջը Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք՝ տեղակայալով բժշկական կենտրոնի հիվանդանոցային բոլոր ծառայությունները: Կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայվել են բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում, ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկում:
Միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն եղել:
Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում:
Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Տեղադրվել է դիզելային գեներատոր, իրականացվել է դրենաժային համակարգ, տեղադրվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Բարեկարգվել է կենտրոնի արտաքին տարածքը: Տեղադրվել են նաև արևային էներգիայով աշխատող մարտկոցներ, որոնք վերականգնվող էներգիայի հաշվին կապահովեն կենտրոնի տաք ջրամատակարարումը: Հիվանդանոցն օժտված է նաև հեռաբժշկության հնարավորություններով:
Կենտրոնի երկհարկանի մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են վարչական մասը, ինֆեկցիոն բաժանմունքը (5 մահճակալ), խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունը՝ ներառյալ լաբորատորիան, կենտրոնական ախտահանման և այլ օժանդակ ծառայությունները: Երկրորդ հարկում տեղակայված են թերապևտիկ և մանկական բաժանմունքը (20 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ անհատական տիպի ծնարանով, վիրաբուժական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ վիրասրահով, հետվիրահատարանով և ինտենսիվ թերապիայի սրահով (5 մահճակալ):
Ծրագրի շրջանակում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր` սինխրոնիզացիայի հնարավորությամբ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն:
Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի շուրջ 11.1 հազ. բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
18:57 08-05-2014
Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին
1674 դիտում
15:12 28-04-2021
Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն ՓԲԸ-ում սկսվել է covid-19 հիվանդության դեմ պատվաստումը
1399 դիտում
22:04 26-05-2014
Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
502 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր