211652_close_icon
views-count1557 դիտում article-date 18:07 11-02-2016

Երևանի քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ է հանձնել զոհված փոխգնդապետի ընտանիքին և Լուսիկ Ագուլեցուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ «Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի աջակցությամբ բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ նվիրելը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Համոզված եղեք, որ զոհված ու վիրավոր մեր ազատամարտիկների ընտանիքները մշտապես եղել ու մնալու են մեր ուշադրության կենտրոնում, և մենք նաև այս կերպ ենք արտահայտելու մեր խոնարհումն ու հարգանքը՝ մեր հերոս հայորդիների հիշատակի առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցուն: Հարկ է նշել, որ Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի ու մինչ օրս նրա ընտանիքը բնակվել է նույն այդ տարածքում, ինչը հաշվի առնելով էլ Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել էր Ագուլեցու ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում: Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ առողջ վայելեն իրենց նոր բնակարանները:

Նմանատիպ նյութեր