211652_close_icon
views-count7503 դիտում article-date 12:37 13-02-2016

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ Տեառնընդառաջի խորհրդի և միջոցառումների մասին

«Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում երեկ տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Տեառնընդառաջին: Ասուլիսին ներկա էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համաղեկավար Լուսինե Մկրտչյանը և Եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնության անդամ Արեգ Գալստյանը։ Ասուլիսին մեկնարկեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախմբի կողմից կատարված շարականով: Ասուլիսի ընթացքում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև սպասվող միջոցառումները: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ Հայ Առաքելյական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 հետո մեծ հանդիսությամբ նշում է քառասուն օրական Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջ (Տիրոջը ընդառաջ գնալ): Այդ տոնը նաև համարվում է նորապսակների օրհնության տոն: Մեծ Պահքի ընթացքում եկեղեցու վարագույրը փակ է լինում, որը խորհրդանշում է Ադամի ու Եվայի Եդեմից արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Այս տարի Տյառնընդառաջի տոնը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ուստի եկեղեցու վարագույրը կբացվի փետրվարի 13-ին ժամերգությունից հետո և կփակվի փետրվարի 14 երեկոյան: Փետրվարի 13-ին նախատոնակի արարողության ավարտից հետո եկեղեցուց վերցված մոմով կվառվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բակի խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ և տեղի է կունենա նորապսակների օրհնության կարգ: «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համաղեկավար Լուսինե Մկրտչյանը և Եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնության անդամ Արեգ Գալստյանը նշեցին, որ այս տարի իրենց ներկայությամբ կփորցձեն Տյառնընդառաջի տոնը դարձնել ավելի գեղեցիկ: Բակում խարույկը վառելուց հետո կլինեն ազգային պարեր, ազգագրական երգեր և տոնին նվիրված խաղեր: Իր խոսքում Լուսինե Մկրտչյանը նշեց, որ ցանկանում են նման միջոցառումների շնորհիվ ժողովրդին վերադարձնել իրենց ակունքներից եկած երգերն ու պարերը: Ասուլիսը ավարտվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախմբի անդամների կողմից կատարված շարականով: [img]/ups/images/0282674001455352292505596.gif[/img]

Նմանատիպ նյութեր