211652_close_icon
views-count1592 դիտում article-date 22:08 16-02-2016

Դեսպան Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

Փետրվարի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքն որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով Անվտանգության Խորհրդի բաց քննարկմանը։ Իր ելույթում դեսպան Մնացականյանն երախտագիտություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին երեք հիմնարար հարթության՝ խաղաղություն, զարգացում և մարդու իրավունքներ, ուղղությամբ համապարփակ և հաստատակամ մոտեցման համար։ Դեսպանը նշեց, որ մարդկության պատմությունն ուղեկցվել է հակամարտություններով, պատերազմներով ու նվաճումներով, սակայն այն լի է եղել նաև ժողովուրդների պայքարի օրինակներով` հանուն ինքնորոշման, անկախության և ազատության: ՀՀ դեսպանը հավելեց, որ կանոնադրությունը հիմնված է մարդու հիմնարար իրավունքների, արժանապատվության և մարդու ինքնության արժևորման վրա, և այդ հիմնարար սկզբունքների շնորհիվ ՄԱԿ-ի տանիքի ներքո այսօր հավաքված է 193 պետություն: ՀՀ դեսպանն այնուհետև նշեց, որ ինքնիշխանության, չմիջամտելու և տարածքային ամբողջականության պահպանման քողի տակ հաճախ խեղաթյուրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, լռեցվում է նրանց ձայնը, ինչը ծնում է բռնաճնշումների, մարդու իրավունքների կանոնավոր ոտնահարումների և օրենքի գերակայության անտեսման քաղաքական մշակույթ։ Ըստ դեսպան Մնացականյանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճեց իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության և ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Նա մեծապես կարևորեց միջազգային հանրության համախմբած աջակցությունը բանակցային գործընթացին, քանզի այն նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց: Անդրադառնալով ինքնիշխանության սկզբունքին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն իր մեջ կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Ըստ նրա՝ խաղաղ և ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան ինքնիշխանությունը: Դեսպանը շեշտեց, որ այդ նպատակով միջազգային համագործակցությունը միջազգային խաղաղության պահպանման տեսանկյունից ոչ պակաս համոզիչ է։ Հղում կատարելով «Ոճրագործությունների վերլուծությունների շրջանակին»՝ ՀՀ դեսպանը եզրափակեց. «կանխարգելման, վաղ նախազգուշացման մեխանիզմների գործառույթը ու վատթարացող իրավիճակների ազդանշանները ՄԱԿ-ի համակարգ ուղղորդելու կարողությունը կենսական նշանակությունը ունի»։ ԱԽ բաց քննարկումը նախագահեց Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեզը, իսկ յոթ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչների թվում ելույթներով հանդես են եկել Անգոլայի, Իսպանիայի, Գայանայի, Արգենտինայի և Էլ Սալվադորի փոխարտգործնախարարները, ՄԱԿ-ի ԳՔ Բան Կի-մունն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր