Միջոցառումների շաբաթ՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և Հայ բանասիրության ֆակուլտետը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել են «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառումների շարք:
Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակե է որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։
«Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկել է փետրվարի 17-ին և կշարունակվի մինչև փետրվարի 26-ը:
Միջոցառման շրջանակներում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելում են Երևանի և ՀՀ մարզերի ավագ և հիմնական դպրոցներ, հանդիպում աշակերտների հետ, հանդես գալիս ակնարկային դասախոսություններով և զրուցում մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցերի մասին: