211652_close_icon
views-count39698 դիտում article-date 13:01 24-02-2016

Ողբերգական պատմություն. կնոջ դավաճանության մասին լսելով՝ Սամվելը ծնկի է իջել նրա առաջ եւ խնդրել իրեն չլքել, բայց լսելով, որ կինը հեռախոսով մեկին ասում է «էշը ինձ համար կոֆե ա դնում», սպանել է նրան

40-ամյա Սամվել Ժորայի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հուլիսի 26-ին, ժամը 07:45-ի սահմաններում, խանդի հողի վրա՝ ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սամվել Ժորայի Ստեփանյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ կնոջ` Սերինե Կոնյանի և կրտսեր որդու` Ժորա Ստեփանյանի հետ բնակվել է Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9-րդ շենքի 7-րդ բնակարանում: Սերինե Կոնյանի հետ իր հարաբերությունները եղել են նորմալ, սակայն, ինչպես բոլոր ընտանիքները, իրենք նույնպես ունեցել են վեճ-վիճաբանություններ, որոնք անցել են և շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Իրենց տնտեսական կարիքների համար պարբերաբար վարկեր են վերցրել բանկերից, սակայն քանի որ մշտական աշխատանք չի ունեցել, վարկերի մարումը ուշացրել են՝ կուտակել պարտքեր: Իր ընտանիքի նյութական վիճակը բարելավելու և վարկերը վճարելու համար մեկնել է Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաք, որտեղ աշխատել է «Նախիջևան» շուկայում՝ որպես վաճառող, սակայն ստացած եկամուտը չի բավականացրել ժամանակին վարկի գումարները ուղարկելու համար և վարկերի մարումը հաճախակի ուշացնելու պաճառաբանությամբ Սերինեն մշտապես վիճաբանել է իր հետ, ինչի պատճառով 2010 թվականի փետրվարի 25-ին ամուսնալուծվել են, սակայն հաշտվելուց հետո շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակ՝ 2015 թվականի հուլիսի 03-ին «Օդնոկլասսնիկի. ռու» սոցալական կայքի միջոցով իրեն անծանոթ «Ապեր-ապեր» անվամբ օգտատերը հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ իր կինը՝ Սերինեն, դավաճանում է իրեն։ Երբ փորձել է հիշյալ օգտատերից բացատրություն պահանջել, նա ոչնչացրել է այդ էջը։ Ինքը հեռախոսով խոսելու ժամանակ այդ մասին հարցրել է Սերինեին: Վերջինս ընդունել է, որ դավաճանել է իրեն, միաժամանակ ասել է, որ իրեն չի սիրում, պետք է բաժանվի: Ինքը նրա ասածը լուրջ չի ընդունել և 2015 թվականի հուլիսի 16-ին վերադարձել է Ալավերդի քաղաք, սակայն իրենց բնակարանում Սերինեին չի գտել: Իմանալով, որ նա հեռացել է բնակարանից և իրենց փոքր տղայի հետ գնացել մոր բնակարան, գնացել է նրա մոտ, խնդրել, որ նա չբաժանվի իրենից և վերադառնա տուն, սակայն Սերինեն նորից է ասել, որ իրեն չի սիրում, ցանկանում է ազատ կյանք ունենալ, քանի որ սիրեկան ունի։ Դարձյալ չհավատալով նրա խոսքերին՝ շարունակել է խնդրել, որ նա վերադառնա և զբաղվի իրենց երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ Սերինեն նորից է մերժել: 2015 թվականի հուլիսի 23-ին որդու՝ Ժորա Ստեփանյանի հետ կրկին գնացել է Սերինեի մոտ և խնդրել վերադառնալ, նույնիսկ ծնկի է իջել նրա առջև և լացելով համոզել, որ չլքի իրեն: Միայն երեխայի խնդրանքներից հետո նա համաձայնվել է և վերադարձել: Հաջորդ օրը՝ 2015 թվականի հուլիսի 24-ին, ժամը 10-ի սահմաններում, նկատել է, որ Սերինեն հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում և ստանում: Իր հարցին, թե ում հետ է նամակագրական կապի մեջ, նա պատասխանել է, որ իր սիրեկանի հետ և ցույց է տվել բոլոր հաղորդագրությունները, ապա շարունակել նամակագրությունը։ Հաջորդ օրը Սերինեն խոստովանել է, որ իր սիրեկանը Ալավերդի քաղաքի բնակիչ Զորայր Շահվերդյանն է և որ նրա հետ արդեն 1 տարի գտնվում է ինտիմ կապի մեջ: Իրեն զգալով նվաստացած՝ հեռախոսահամարից զանգահարել է Զորայր Շահվերդյանի հեռախոսահամարին և նրա հետ պայմանավորվել նույն օրը երեկոյան հանդիպել Ալավերդի քաղաքի մանկական սրճարանում: Ըստ պայմանի` ժամը 22-ի սահմաններում Սերինեի հետ հանդիպել է Զորայր Շահվերդյանին: Իր այն հարցին, թե ինչ կապ ունի Զորայրը իր կնոջ հետ, նա Սերինեի ներկայությամբ պատասխանել է, որ պարզապես ընկերներ են, բազմաթիվ անգամ նրանից գնումներ է կատարել, սակայն սեռական հարաբերություն իրենց միջև տեղի չի ունեցել, որից հետո նա զայրացել ու հեռացել է: Նրա գնալուց հետո Սերինեն ասել է, որ Զորայրը ստում է, ինքը նրա հետ բազմիցս ունեցել է սեռական հարաբերություններ։ Այնուհետև գնացել են տուն, որտեղ շենքի դիմաց գտնվող իր արհեստանոցում կոտրել է ջերմաչափը և սնդիկը լցրել սրվակի մեջ նպատակ ունենալով ինքնասպանություն գործել՝ 2015 թվականի հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը մտածել ու որոշել է սնդիկը խմելու միջոցով ինքնասպանություն գործել։ Այդ նպատակով իր լուսանկարի ետևին կատարել է. «Մամ ջան, էս նկարս կդնեք» գրառումը, ապա նամակ է գրել նաև իր որդիներին և ժամը 07:30-ի սահմաններում արթնացրել Սերինեին՝ նրան աշխատանքի ճանապարհելու նպատակով: Խոհանոցում սուրճ պատրաստելու ընթացքում լսել է Սերինեի՝ ինչ-որ անձի հետ հեռախոսային խոսակցությունը: Երբ Սերինեն ասել է. «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, կարծելով, որ նա խոսում է Զորայր Շահվերդյանի հետ, փորձել է ստուգել և գտնել, թե ում կողմից է կատարվել զանգը, սակայն այն չի հայտնաբերել։ Կնոջից պահանջել է ասել, թե ում հետ էր խոսում, սակայն նա հրաժարվել է, ասելով. «Քո գործը չէ»: Զայրանալով նրա ասածից՝ գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել Սերինեի բերանը և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և դանակը նետել ննջասենյակի մահճակալի վրա, ապա ինքնասպանություն գործելու նպատակով խմել է արհեստանոցից նախապես վերցրած սնդիկը։ Այդ ժամանակ արթնացել է հյուրասենյակում քնած որդին և փորձել է մտնել ննջասենյակ, սակայն ինքը թույլ չի տվել, նրան խնդրել է կանչել հարևանությամբ բնակվող իր մորը՝ Լյուդմիլա Ստեփանյանին։ Որոշ ժամանակ անց լսել է դռան թակոց և բացելով դուռը, տեսել է իր մորը և եղբորը: Նրանք մտնելով տուն՝ տեսել են կատարվածը: Ինքը իր մորն է տվել իր լուսանկարը և նամակը ու հեռացել տնից: Տեսնելով, որ սնդիկը իր վրա որևէ ազդեցություն չի գործում, գնացել է հարևանությամբ գտնվող երկաթգծերի մոտ` գնացքի գալու ժամանակ իրեն գնացքի տակ գցելու նպատակով, սակայն իր մոտ է գնացել եղբայրը` Սիմոն Ստեփանյանը և համոզել, որ ներկայանա ոստիկանություն: Ինքը, լսելով եղբորը, մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Գիտակցում է իր սխալը և զղջում կատարածի համար: Կարծում է, որ չպետք է սպաներ Սերինեին, այլ վերցնելով երեխաներին՝ պետք է հեռանար նրանից, սակայն սկզբում չի հավատացել, որ նա դավաճանել է իրեն, իսկ երբ համոզվել է, զայրույթից և վիրավորանքից չի կարողացել տիրապետել իրեն: Քննելով գործը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալ Սամվել Ժորայի Ստեփանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման՝ 9 /ինը/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր