1005 դիտում
18:47 01-03-2016
Նախագահն ընդունել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյին, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել հանրային առողջապահության արդի խնդիրներին ու մարտահրավերներին նվիրված երևանյան համաժողովը: Ընդգծելով, որ ամբողջ աշխարհում հանրային առողջապահությունը համարվում է ազգային անվտանգության ամենակարևոր գործոններից, ինչպես նաև պետությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության հաջողության գլխավոր չափանիշներից մեկը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրային առողջապահության խնդիրներն արդի աշխարհում չեն ճանաչում սահմաններ, ի հայտ եկած նոր վիրուսների համաճարակը չի սահմանափակվում մեկ պետությամբ և այսօր լրջագույն վտանգ է բոլոր պետությունների ժողովուրդների համար:
Այս և նման խնդիրները, Նախագահի համոզմամբ, հնարավոր է արդյունավետորեն լուծել միայն սերտ համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման, ոլորտի հաջողություններն ու ձեռքբերումները գործընկերների հետ կիսելու շնորհիվ, ինչին է միտված նաև Երևանում անցկացվող նախարարական համաժողովը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին և առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նման կարևոր քննարկումների հարթակ ստեղծելու և մասնակցության հրավերի համար, նշելով, որ հանրային առողջապահության ոլորտում փոխգործակցության լայն դաշտ և չիրացված մեծ հնարավորություններ կան:
Նրանք գոհունակությամբ են փաստել, որ Երևանում անցկացվող համաժողովում բավականին հետաքրքիր և փոխադարձ օգտակար ելույթներ են հնչել, փաստեր ներկայացվել, անդրադարձ է եղել առաջավոր փորձի կիրառմամբ մասնակից երկրներում իրականացվող ծրագրերին, ոլորտի բարեփոխումներին, առկա խնդիրներին ու մտահոգություններին: Այս ձևաչափով գործընկերությունը, նախարարների համոզմամբ, զգալիորեն կնպաստի ինչպես ոլորտի պատասխանատուների միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ առողջապահության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»