211652_close_icon
views-count1378 դիտում article-date 15:39 03-03-2016

Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Էդվարդ Նալբանդյանին հանձնելով պատվավոր պրոֆեսորի դիպլոմը, նշեց, որ գիտական խորհրդի որոշումը պայմանավորված է նախարար Նալբանդյանի հասարակական-քաղաքական բեղուն գործունեությամբ, գիտության բնագավառում ձեռքբերումներով, ԵՊՀ հետ բազմամյա արգասաբեր համագործակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով ԵՊՀ բարձր կոչմանը արժանանալու համար՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Մեծարգո պարոն Սիմոնյան, Գիտական խորհրդի հարգարժան անդամներ, Շնորհակալ եմ Մայր ԲՈՒՀ-ի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացնելու ձեր որոշման համար։ Այս կոչումը համարում եմ մեր դիվանագիտական ծառայության աշխատանքի գնահատական. մի ծառայություն, որը Հանրապետության Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, նրա կողմից սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և առաջնահերթությունների հիման վրա պաշտպանում է մեր երկրի և ժողովրդի շահերն արտերկրում։ Այս կոչումը նաև պարտավորեցնող է` առավել ամրապնդելու արտգործնախարարության և համալսարանի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը, հաստատված բարի ավանդույթները։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մեզ համար կադրային դարբնոց է հանդիսանում։ Խորհրդանշական է, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների մեծ մասը Միջազգային հարաբերությունների, նաև պատմության, արևելագիտության, իրավագիտության և այլ ֆակուլտետների շրջանավարտներն են։ Տեղյակ եք, որ երեկ Հայաստանում նշվում էր դիվանագետի օրը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել դիվանագիտության և դիվանագետի առաքելության, դիվանագետի օրվա խորհրդի մասին որոշ մտքերով»: Ելույթից հետո արտգործնախարար Նալբանդյանը պատասխանեց գիտխորհրդի անդամների և ուսանողների բազմաթիվ հարցերին։ Արձագանքելով «Ի՞նչ գնահատական կտաք Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ, ու դրանով հիմնավորում քրդերի դեմ իրականացվող գործողությունները» հարցին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է։ Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր և ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաև քրդերի նկատմամբ։ Մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան և անարժան պիտակավորելը։ Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երևակայության մեջ արդարացված են: «Պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել: Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թևավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթը բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված»։

Նմանատիպ նյութեր