211652_close_icon
views-count1026 դիտում article-date 19:55 02-04-2014

Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում

Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։ Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել և այսօր էլ սովորում և դասավանդում են բազմաթիվ հայեր ու ընդգծեց, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ-որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։ Կրթօջախի ղեկավարն ասաց, որ ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Նալբանդյանը հանդիսացել է ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, ով հաջողությամբ ավարտելով համալսարանը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել և այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։ Ակադեմիկոս Տորկունովը ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին Գիտական խորհրդի որոշումը նշեց, որ այն կայացվել է հաշվի առնելով միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը և Էդվարդ Նալբանդյանին հանձնեց պատվո դոկտորի դիպլոմն ու դոկտորական թիկնոցը։ Այնուհետև ելույթով հանդես եկավ նախարար Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնելով Գիտական խորհրդին պատվո դոկտորի կոչման պատվին արժանանալու համար՝ ասաց. “Կարծես դա եղել է վերջերս, բայց իրականում արդեն 40 տարուց ավել է անցել, երբ ես ընդունվեցի ինստիտուտ։ Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որ միջազգայնագետների պատրաստման ոլորտում աշխարհի լավագույն կրթօջախներից է հանդիսանում։ Այս կոչումը ես ընդունում եմ նաև որպես հարգանքի տուրք ՄԳԻՄՈ-ի բոլոր հայ շրջանավարտներին, որոնք այստեղ ստացած գիտելիքները ներ են դրել իրենց Հայրենիքին ծառայելու, նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու գործում։” Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, հարևան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը, այլ մայրցամաքների և երկրների հետ փոխգործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղված հետևողական քայլերը։ Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների հարցերին։

Նմանատիպ նյութեր