211652_close_icon
views-count1334 դիտում article-date 10:33 09-03-2016

Վրաստանի դասագրքային օրինակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան առաքվող գազի տարանցման հարցում, և Վրաստանը կշարունակի ստանալ այդ գազի 10 տոկոսը: Ինչպես հայտնի էր դարձել, Ռուսաստանը ցանկանում էր վճարել փողով, իսկ Թբիլիսին փող չէր ուզում՝ գազ էր ուզում: Վրաստանի և «Գազպրոմի» համաձայնությանը երևի թե նպաստեց նաև այն, որ Թբիլիսին համաձայնության եկավ նաև Բաքվի հետ՝ լրացուցիչ գազ ստանալու հարցում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Սոկարը» համաձայնել է լրացուցիչ գազ մատակարարել Վրաստանին նվազեցված գնով: Վրաստանը տևական ժամանակ փորձում էր լուծել գազի իր հավելյալ պահանջարկի հարցը և ըստ էության խաչաձև բանակցություններ էր սկսել «Գազպրոմի» և «Սոկարի» հետ: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, Թբիլիսին ստանում է իր համար շահավետ երկու համաձայնություն: Այս իրավիճակը «դասագրքային» օրինակ կարող է ծառայել Հայաստանի համար, որը գազի գնի հարցում իր համար առաջացած խնդիրները լուծում է ոչ թե նմանօրինակ բանակցային գործընթացների միջոցով, այլ Ռուսաստանին խնդրելով և կատարելով տնտեսական ու քաղաքական զիջումներ: Մինչդեռ Հայաստանն ունի խաչաձև բանակցությունների հնարավորություն, քանի որ կա Իրանը: Հայաստանը կարող է նախաձեռնել նմանօրինակ բանակցություններ Իրանի հետ, առավել ևս, որ Թեհրանը բավական հստակորեն ակնարկել է նման պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների միջոցով Երևանը կարող է առնվազն փորձել «Գազպրոմից» գազի օպտիմալ գին ստանալ արդեն ոչ թե խնդրելով և զիջելով, այլ արժանապատվորեն պայմանավորվելով: Սակայն նմանօրինակ քաղաքականության համար պետք է ինքնիշխանություն, պետք է քաղաքական կամք և պետական արժանապատվության զգացում: Իսկ Հայաստանի իշխանական խավը չունի դրանից, այլապես վաղուց արված կլինեին քայլեր այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանական համակարգի համար առաջնայինը սեփական անվտանգությունն է և բարեկեցությունը, այն որևէ կերպ վտանգի տակ չդնելը: Իսկ դրա համար պետք է չբարկացնել Ռուսաստանին: Արդյունքն այն է, որ Հայաստանը եթե անգամ ստանում է ցածր գնով գազ, իրականում դրա դիմաց այլ գին է վճարում այլ ոլորտներում: Այսինքն՝ ռուսական էժան գազը իրականում խաբկանք է Հայաստանի համար, որովհետև գազի գինը միայն թվային արտահայտությունը չէ, այլ նաև գուցե առաջին հերթին այն, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այդ գինը: Եվ այդ իմաստով շատ խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին գազի գինը նվազեցնելու առաջարկով, սակայն մինչ այսօր Հայաստանի հասարակությունը որևէ տեղեկություն չունի, թե ինչ արձագանք կա Ռուսաստանից: Ռուսաստանը կա՛մ արհամարհել է Հայաստանի վարչապետի այդ առաջարկը, կա՛մ վարվում են բանակցություններ, որոնց մասին հանրությունը չի իրազեկվում որևէ կերպ: Իսկ որպես կանոն, Հայաստանի իշխանությունը հասարակությանը չի իրազեկում մի դեպքում՝ երբ որևէ մեկի հետ բանակցում է ոչ թե պետության շահերի և անվտանգության, այլ դրանց «գրավադրման» սկզբունքով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր