211652_close_icon
views-count1717 դիտում article-date 18:21 11-03-2016

ՌԴ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: Կազմակերպիչները հրատարակել են նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման: Շրջայցի ավարտին թանգարանի հյուրերի մատյանում Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել. «Որպես Հայաստանի Նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Ռուսաստանի հնագույն շենքերից մեկում՝ Պատմության պետական թանգարանում, որտեղ անցկացվում է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությանը, որում քիչ չեն մեր եղբայրական ժողովուրդների պատմութան և մշակույթի միահյուսման մասին փառավոր էջերը: Համոզված եմ, որ այստեղ պահվող յուրահատուկ փաստաթղթերի և ցուցադրանմուշների շարքը այսուհետ ևս կհամալրվի հայ-ռուսական հարատև եղբայրության նոր արժեքավոր վկայություններով»: Նույն օրը Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա և արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Դմիտրիի Զորկինին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: ՀՀ Նախագահի կողմից նույն բարձր պարգևին են արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Յակովի Չայկան և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Ռաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր