211652_close_icon
views-count1355 դիտում article-date 09:58 15-03-2016

2017-ի խորհրդարանը նոր զուգահեռներ է ուրվագծելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը կդառնա երրորդ նոր կուսակցությունը, որը բավական շոշափելի հավակնությամբ մտնում է նախընտրական պայքարի մեջ: Մինչ այդ մտել էին «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը»: Փաստորեն, 2017 թվականի խորհրդարանական տեղերի համար պայքարում ընդդիմադիր դաշտում կգործի միանգամից երեք նոր կուսակցություն, որոնց, բնականաբար, «կմիանան» արդեն իսկ նախընտրական պայքարի փորձ ունեցող կուսակցությունները, որոնք հանդես են գալիս ընդդիմության դաշտում: Բնականաբար, այս ուժերի մեջ կան անկեղծ ընդդիմադիր դիրքեր զբաղեցնող միավորներ և կան իշխանության հետ այս կամ այն կերպ գործակցող, պայմանավորվող կամ արդեն պայմանավորված ուժեր: Անվանապես նոր է, իհարկե, նաև «Հայկական վերածնունդը», սակայն դե ֆակտո դա հին ՕԵԿ-ն է: Արա Աբրահամյանը ըստ երևույթին փոշմանել է և չի միանա պայքարին՝ երևի տեսնելով, որ տեղն իսկապես նեղ է: Բանն այն է, որ միայն փողերը այս դեպքում հարց չեն լուծելու: Ավելին՝ Աբրահամյանի շատ փողերը նրան երևի թե խանգարեցին էլ, քանի որ նրա համար փողն ուժ է, շատ փողը՝ շատ ուժ, իսկ Սերժ Սարգսյանին հազիվ թե պետք լինի տեղ տալ շատ ուժեղ միավորի, եթե անգամ այդ միավորը հանդես է գալիս լիակատար լոյալությամբ: Եվ քանի դեռ այդ ուժը գլխացավ չէր դարձել, Սարգսյանը ըստ ամենայնի արեց հնարավորը, որ չդառնա նաև հետագայում: Համենայնդեպս, Հայաստանում կուսակցական գործունեություն ծավալելու մտադրության վերաբերյալ մարտին վերջնական որոշում կայացնելու մասին հայտարարած Արա Աբրահամյանը դեռևս լռում է, և կարծես թե անմիջական ակտիվություն էլ չի նկատվում կուսակցաշինության մասով: Նկատի ունենալով այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավակնում են վերցնել խորհրդարանական 50+1 տոկոսը՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար, դժվար չէ արձանագրել, որ ընդդիմադիր հատվածին մնում է 49 տոկոս, իսկ իրական ընդդիմությանը՝ դրանից էլ պակաս, քանի որ Սերժ Սարգսյանն անկասկած չի մնա միայն ՀՀԿ-ՀՅԴ կայուն մեծամասնության հույսին և նաև ընդդիմադիր տիրույթում կփորձի ապահովել «պահուստային» մանդատներ: Առայժմ իրադարձությունները զարգանում են այնպես, որ նկատելի չեն գործոններ, որոնք կխանգարեն համակարգի վերարտադրությանը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունները պայքարելու են 49 տոկոսից էլ պակաս տեղերի համար: Բնական է, որ չի ստացվի տեղավորել բոլորին, քանի որ յուրաքանչյուրին 5 տոկոս տալու դեպքում, 49 տոկոսը կարող է չբավարարել: Հետևաբար՝ ընդդիմադիր դաշտում կլինի պայքար ոչ միայն իշխանության, այլ նաև միմյանց դեմ: Միաժամանակ, կլինեն նաև միավորումներ: Այս իրավիճակում ի հայտ է գալիս ներքաղաքական զարգացման, ներքաղաքական տրամաբանության մի նոր ուրվագիծ: 2017 թվականին Հայաստանում կարող է ձևավորվել ոչ միայն նոր խորհրդարանական ընդդիմություն, այլ նաև նոր արտախորհրդարանական ընդդիմություն: Այն ուժերը, որոնք դուրս կմնան խորհրդարանից՝ իսկ բոլորին տեղավորելը կարող է չստացվել, կա՛մ կկանգնեն քաղաքականությունից ընդհանրապես հեռանալու հեռանկարի առաջ, կա՛մ ստիպված կլինեն սկսել մրցակցել արտախորհրդարանական դաշտում գերակայություն հաստատած «Նոր Հայաստանի» հետ, որը հանդես է գալիս բավական արմատական դիրքերից: Բացառված չէ, որ արմատականությունը չեզոքացնելով Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր տիրույթում՝ իշխանությունը փորձի դրա չեզոքացմանը հասնել նաև արտախորհրդարանական հարթության վրա, որը դեռևս շարունակում է մի շարք գործոններից ելնելով Հայաստանում լինել հասարակական-քաղաքական գործընթացների «կիսագունդ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր