152207 դիտում
18:21 16-03-2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված ու զինված ճիվաղը հարձակում է գործել տարադրամի փոխանակման կետի վրա, իսկ հետո Mercedes-ով դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Համլետ Ասատրյանի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավոր աստիճանը` առաջին պահից դեպքի վայրում է գտնվում նաև շրջանի դատախազ Ալեքսանդր Աղայանը:
Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել եմ Մակարով տեսակի ատրճանակից արձակած 6 պարկուճ և 4 գնդակ:
Կրակոցի արդյունքում վնասվել է նաև ВАЗ 2107 մակնիշի 947 ԼV 61 համարանիշի ավտոմեքենայի աջ կողային դուռը: Ավտոմեքենայի տակ էլ հայտնաբերվել է գնդակ:
Այս պահին ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:
Փաստի առթիվ տեղում քննչական բաժնի պետ Ա. Հարությունյանի կարգադրությամբ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+