211652_close_icon
views-count3257 դիտում article-date 19:13 17-03-2016

Վարդան Մինասյանը` Ռոման Բերեզովսկու մասին

Մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այդ կապակցությամբ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է հետաքրքիր շարք, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշենրի մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր: [b]Վարդան Մինասյան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ [/b] «Այնպես է ստացվել, որ ես և՛ խաղացել եմ Ռոման Բերեզովսկու հետ, և՛ եղել եմ նրա մարզիչը: Կարող եմ ասել, որ նա իր բնավորությամբ միշտ առաջատար է եղել: Ճիշտ է՝ շատերը կարող են ասել, որ նա շատ հանգիստ անձնավորություն է, քիչ է խոսում, բայց մենք գիտենք, որ կան տարբեր տեսակի լիդերներ: Նա միշտ իր խաղով էր ցույց տալիս, որ ինքը թիմի լիդերն է: Հետաքրքիր մի բան ասեմ՝ երբ նա կանգնում էր դարպասին, թիմը հոգեբանորեն ավելի հանգիստ էր խաղում: Կարող եմ ասել, որ նա հայկական ֆուտբոլի լեգենդ է՝ հատկապես հաշվի առնելով, որ բարձակարգ հայ դարպասապահներ այնքան էլ շատ չենք ունեցել: Բերեզովսկին փայլուն օրինակ է հանդիսանում մյուս ֆուտբոլիստների համար՝ և՛ իր մարդ տեսակով, և՛ բնավորությամբ: Ռոմանի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Երևի առաջիններից մեկը 1992թ. էր, երբ մենք խաղում էինք իրար դեմ, ինքը հանդես էր գալիս Կապանի «Սյունիքում», ես խաղում էի ՀՄԸՄ-ում:Հետաքրքիր խաղ էր, այդ խաղից կախված էր մեր չեմպիոնությունը: Մենք հաղթեցինք 5:4 հաշվով, ինքն էր դարպասին ու շատ ծանր էր տանում իր բաց թողած գոլերի փաստը: Հիշում եմ նաև, որ միասին խաղում էինք Երիտասարդական հավաքականում: Մեր առաջին պաշտոնական խաղն էր՝ Բելգիայի հավաքականի դեմ: Մենք պարտվեցինք 0:7 հաշվով, և Ռոմանը այդ խաղում կարմիր քարտ ստացավ, իսկ մինչ այդ հաշիվը 0:0 էր: Երբ ես արդեն մարզում էի նրան հավաքականում, ինքն իրեն շատ ճիշտ էր պահում: Մենք միասին խաղացել էինք հավաքականում, նույն տարիքի էինք, բայց ինքը իրեն միշտ շատ համեստ էր պահում, երբեք սահմանագիծը չէր անցնում, շփվում էինք ինչպես մարզիչն ու ֆուտբոլիստը: Այս կապակցությամբ ես մի առիթով ասել եմ, որ շատ շնորհակալ եմ Ռոմանին իր վերաբերմունքի համար, որովհետև մեկ ուրիշը կարող էր իրեն այդպես չպահել և օգտվել հանգամանքներից: Շատ կարգապահ ֆուտբոլիստ է և իր երկար ու հաջողակ կարիերան պայմանավորված է հենց իր պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ»:

Նմանատիպ նյութեր