95068 դիտում
22:42 19-03-2016
Ավտովթար Կոտայքի մարզում. «Mersedes»-ը բախվել է ծառին, կան վիրավորներ, իսկ «Խխունջ» մականվամբ երիտասարդը, ով ներկայանում էր որպես դատախազի տղա, մի իսկական շոու էր սարքել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Mersedes» մակնիշի 34 ZՍ 844 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազաբալոնի փականը: Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կկենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արմեն Խաչատրյանը: Մինչ փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչը դեպքի վայրում քննչական զննություն էին կատարում, մի երիտասարդ «Mersedes» մակնիշի 78 DR 788 համարանիշի ավտոմեքենան կայանել է չթույլատրելի հատվածում եւ տեղում աշխատող աշխատակիցների նկատմամբ ցուցաբերում էր անհարգալից վերաքբերմունք: Նա փորձում էր վթարված «Mersedes»-ի միջից իրեր վերցնել:
Երբ ճանապարհային ոստիկանները արգելեցին նրան, որ ավտոմեքենայից առանց քննիչի թույլտվության իրեր վերցնի, նա սկսեց հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լաչառ կնանոց նման հիստերիկություն անել եւ հետո էլ սպառնալ, թե ինքը իր թաղում հայտնի «Խխունջ Մանվելն» է՝ ասելով. «Մեր ավտոն ա, չնկարեք, հերս էլ դատախազ ա, ես եմ որոշում»:
Գրեթե 20 րոպեից ավելի «Խխունջը» քթի տակ անհոդաբաշխ, անհասկանալի արտահայտություններ էր անում, իսկ հետո էլ սկսեց վրա տալ վիրավորներին օգնության ձեռք մեկնած փրկարարներին:
Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանեցին նաեւ ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները եւ դատախազի բալեն «տնից փախած հարսի» նման մտավ իր «Mersedes»-ի մեջ ու ներսից փակեց մեքենայի «փականները»՝ հրաժարվելով ենթարկվել ոստիկանների ու քննիչի հրահանգներին, որ ավտոմեքենան պետք է տեղափոխվի Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ինքն էլ պետք է ենթարկվի բժշկական փորձաքննության՝ պարզելու համար սթափության աստիճանը:
Մոտ 30 րոպե էլ դատախազի «Խխունջ» բալեն մեքենայի դռները չէր բացում, մինչեւ ժամանեց դատախազ հայրիկը, ով փորձում էր քննիչին եւ ոստիկանններին համոզել, որ մեքենան չտանեն տուգանային հրապարակ, սակայն մեքենան տեղափոխվեց համապատասխան վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, դատախազի տղա ներկայացած անձը հանդիսանում է 31-ամյա Մանվել Մանվելի Ալեքսանյանը, իսկ հայրը՝ Մանվել Ալեքսանյանը, նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունում, որպես դատախազ: Նրա «Mersedes»-ը հաշվառված է Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 49 շենքի բնակիչ Գրետա Սուրենի Ալեքսանյանի անվամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վթարի ենթարկված «Mersedes»-ի վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Mersedes»-ներն էլ միասին են եղել, եւ իրար հետ «գոնկա» են կազմակերպել, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաեւ այդ տեղեկության իսկությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+