211652_close_icon
views-count2426 դիտում article-date 18:29 02-04-2016

Աշխատանքային քննարկում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 4+4+4 ձեւաչափով հերթական քննարկումը: Իշխանության ներկայացուցիչները լսել են ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտեցումները եւ առաջարկները մասնավորապես կապված ընտրացուցակների մաքրման եւ ճշգրտման, էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման, մատնահետքերի թանաքոտման եւ դրա հետագա օգտագործման, քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով մասնակցության, բաց եւ փակ ընտրացուցակների, ընտրություններին մասնակցած ընտրողների ցանկի հրապարակման իրավաչափության հետ: Անդրադարձ է կատարվել կիսաբաց ցուցակների տարբերակին, այս համատեքստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ԸՕ նախագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը նշել է, որ կիսաբաց ցուցակների համակարգը նպաստելու է կուսակցությունների առավել կայացմանը, ներքին ժողովրդավարության ընդլայնմանը, իսկ բաց ցուցակները՝ կուսակցությունների պառակտմանը: Վերոնշյալ հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկաները քննարկել են նաեւ ընտրական գործընթացին վերաբերող դետալներ՝ կոնսենսուսային դիրքորոշում արտահայտելու համար: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակել են պնդել իրենց առաջարկը, այն է՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, ինչը ճիշտ չեն համարում իշխանության ներկայացուցիչները՝ այն համարելով ընտրողների ընտրական իրավունքի գաղտնիության խախտում: Այս տեսակետը պաշտպանում է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցած ընտրողների ցանկը հրապարակման ենթակա չէ: ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը մերժում է ցանկացած էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման իրականացումը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկվող էլեկտրոնային միջոցները չեն փոխարինելու կիրառվող գործիքներին, այլ լրացնելու են դրանց: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարեւորել է երկրից բացակաների հաշվառումը, ինչը թույլ կտա ստուգել՝ անձի փոխարեն իրականացվել է քվեարկություն, թե ոչ: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին:

Նմանատիպ նյութեր