211652_close_icon
views-count2594 դիտում article-date 13:20 05-04-2016

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Ապրիլի 1-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ: Ողջունելով դեսպան Կիրակոսյանին, Գլխավոր տնօրենը հակիրճ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առաջնայնություններին՝ ներկայացնելով իրականացվելիք ենթակառուցվածքային և ծրագրային նորարարությունները, որոնք միտված են կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների հզորացմանը, ինչպես նաև այս տարի կազմակերպության հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Դեսպան Կիրակոսյանը, բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցության մակարդակը, անդրադարձավ կատարված և ընթացիկ ծրագրերին և շեշտեց իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերական զարգացման համար: Դեսպան Կիրակոսյանը կրկին վերահաստատեց ՀՀ կառավարության հրավերը գլխավոր տնօրեն Լի Յոնգին Հայաստան այցելելու համար: Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության փոխգործակցությանը, Գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերը օրինակելի են և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին կազմակերպության առաքելությանն աջակցելու համար: Լի Յոնգը խոստացավ այցելել Հայաստան` առկա համագործակցությունն առավել ամրապնդելու և նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Նմանատիպ նյութեր