4167 դիտում
13:54 05-04-2016
Հայկական Վերածնունդի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը Արցախի պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակչության վրա: Մեր բոլոր մասնաճյուղերի կողմից խորին ցավակցություն ենք հայտնում ալիևյան ագրեսիայի զոհ դարձած երիտասարդ զինվորականների և խաղաղ բնակիչների ընտանիքներին: Միաժամանակ հպարտանում ենք հայ զինվորի արիությամբ և մեր խորին երախտագիտությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայոց Բանակին՝ ադրբեջանական ոտնձգությունները խիզախորեն դիմակայելու և ետ մղելու համար:
Ադրբեջանի վարած հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը, պետական ամենաբարձր մակարդակով քարոզվող քսենոֆոբիան, հայ ժողովրդի պատմությունը կեղծելու և յուրացնելու պետական քաղաքականությունը, և Հայաստանը ոչնչացնելու մոլուցքը արդեն անխուսափելի էին դարձրել լայնածավալ պատերազմի հեռանկարը: Քաղաքացիական բնակչության թիրախավորումը և տարեց բնակիչների դաժան սպանության դեպքերը մեզ հիշեցնում են, որ գործ ունենք ոչ թե քաղաքակիրթ պետության, այլ ոճրագործ ռեժիմի հետ, որն իր բարբարոս գործելակերպով չի զիջում Իսլամական Պետության ահաբեկիչներին:
Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող որևիցե կարգավիճակով ընդգրկվել Ադրբեջանի կազմում, ուստիև այդ ուղղությամբ միջազգային հանրության վարած միջնորդական գործունեությունը տանում է ոչ թե խնդրի լուծման, այլ փակուղու և ինչպես արդեն համոզվեցինք՝ Ադրբեջանի ագրեսիային: Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ եթե մինչ այսօր Հայաստանի իշխանությունների վարած զգուշավոր և նույնիսկ երկչոտ արտաքին քաղաքականությունը կարելի էր ինչ որ կերպ արդարացնել պատերազմից խուսափելու պահանջով, ապա այսօր այն ոչ միայն Արցախի հիմնախնդիրը չի լուծել, այլ փաստորեն նաև խաղաղություն չի ապահովել:
Հայկական Վերածնունդը եղել և մնում է այն համոզմանը, որ Արցախի հիմնախնդրի միակ և վերջնական լուծումը Հայաստանի հետ միավորվելն է: Գտնում ենք, որ ժամանակը հասունացել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերանայելու և ավելի սկզբունքային և ինքնավստահ քաղաքականություն որդեգրելու: Մասնավորապես՝ ինչպես պաշտոնապես մի քանի անգամ հայտարարվել է ՀՀ իշխանությունների կողմից, Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Համոզված ենք, որ այդ պահը եկել է: ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ճանաչեն Արցախի անկախությունը, և արտաքին քաղաքականությունը ձևավորեն Հայաստանի Հանրապետության և Արցախի վերամիավորման ուղղությամբ:
Վրդովմունքով ենք ընդունում միջազգային հանրության և լրատվական միջոցների՝ արդեն վաղուց կիրառվող երկու կողմերին հավասարեցնելու քաղաքականությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ նախահարձակ է և այն չի թաքցնում՝ միջազգային հանրությունը կրկին մեղադրում է երկու կողմերին: Մենք սա համարում ենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը խրախուսող հանգամանք, և գտնում ենք, որ միջազգային հանրության նման վերաբերմունքը ՀՀ դիվանագիտության բացթողման հետևանք է:
Հայկական Վերածնունդը միանում է սփյուռքյան բոլոր կազմակերպություններին և կրկին անգամ իր զորակցությունն է հայտնում Արցախի սահմանները պաշտպանող Հայոց Բանակին: Միաժամանակ կոչ ենք անում սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին, կուսակցություններին և անհատ անձանց՝ օգտագործել իրենց երկրներում բոլոր հնարավոր լծակները՝ միջազգային հանրությանը ալիևյան ագրեսիայի ճշմարտությունը ներկայացնելու և մերժելու հարձակվողին և պաշտպանվողին հավասարեցնելու անընդունելի քաղաքականությունը: Այս ուղղությամբ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել և առաջարկում ենք մեր կազմակերպության համագործակցությունը:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
10120 դիտում
19:23 18-11-2017
Վանաձորի քաղաքապետը «Հայկական վերածնունդի» հետ համագործակցության հուշագիր է կնքել
1177 դիտում
22:00 20-01-2024
Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար․ Բագրատ Սրբազան
2045 դիտում
20:53 03-08-2022
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ագրեսիայի վերաբերյալ
Այս բաժնից
1276 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1315 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը