211652_close_icon
views-count1282 դիտում article-date 11:10 02-02-2025

Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ 78-ամյա Գևորգ Ավդալյանը և հայտնել, որ Արթիկի պանրագործարանից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում Գ. Ավդալյանը հայտնել է, որ հունվարի 26-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքի Գործարանային փողոցի 4-րդ հասցեում գտնվող չշահագործվող «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի շենքի պատուհանի ճաղավանդակը պոկելու, այնուհետև մուտքի դռան փականը կոտրելու միջոցով, մուտք է գործել այնտեղ և գողացել թթվասեր լցնող 2 հաստոցների մեխանիզմներ՝ իրենց էլեկտրական շարժիչներով, շշալցնող 2 հաստոցների էլեկտրական շարժիչներ՝ 2 փոխարկիչներով (ռեդուկտոր), շիշ լվացնող հաստոցի 3 հատ էլեկտրական շարժիչ, բեռ տեղափոխող հաստոցի մեկ փոխարկիչ և կարագ պատրաստելու հաստոցի էլեկտրական մեկ շարժիչ՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

SHAMSHYAN.com թղթակցի հետ զրույցում տուժածի հարազատները նշում էին, որ հույս էլ չունեն, թե Արթիկի ոստիկանները կհայտնաբերեն գողին կամ գողերին, քանի որ Արթիկում կա կարծիք, ցավոք՝ բավականին մեծ, որ տեղի ոստիկանությունը բազմաթիվ հանցագործություններ չի կարողանում կամ չի ուզում բացահայտել և հույս էլ չունեն, որ այդ դեպքը կբացահայտվի, և հիմա իրենք իրենց ուժերով փորձում են հայտնաբերել գողին և գողացված ապրանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Գ. Ավդալյանը հայտնել է, որ ինքը «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր