211652_close_icon
views-count3707 դիտում article-date 22:25 05-04-2016

Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված` հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների

Ապրիլի 5-ին, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված` հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի խաղաղություն նահատակ զինվորների հոգիների: Այնուհետև կատարվեց մաղթանք` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անսասանության և սահմանների խաղաղության համար, որից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանը իր հայրական հորդորն ու մխիթարանքի խոսքն ուղղեց ներկաներին. «Իմ սիրելի լոռեցի քույրեր և եղբայրներ, իմ սիրելի հայրենակիցներ, Այսօր համախմբվել ենք աղոթքով զորակցելու հայոց բանակին և հիշելու մեր նահատակներին ու աղոթելու նրանց հոգիների խաղաղության համար: Կովկասի հիվանդը` մեր ազերի հարևանը, կրկին մեզ հիշեցրեց իր արյունարբու ներկայությունը մեր տարածաշրջանում: Կրկին մենք հայտնվեցինք պատերազմի դաժան ճիրաններում: Այս պատերազմը յուրաքանչյուր հայի պատերազմն է: Աստծո օրհնությամբ մենք այն վերջնակետին պետք է հասցնենք և այն չպետք է թողնենք գալիք սերունդներին: Մենք պատասխանատու ենք պատմության ու սերունդների առաջ: Միասնական հավատքով, վաղվա հզոր Հայաստանի տեսլականով պիտի հաղթահարենք նաև այս փորձությունը: Այս զարկը մեր զարկն է` հանուն Հայաստանի ու Արցախի խաղաղության: ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԵՋ ՓՐԿԻՉՆԵՐ ՄԻ ՓՆՏՐԵՔ: ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ԲԱՐՁՐՅԱԼ ԱՍՏՎԱԾՆ Է ԵՎ ՀԱՅԻ ՈԳԻՆ ՈՒ ՆՐԱ ԲԱԶԿԻ ՈՒԺԸ: ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ: ԱՐԹՆԱՑՐԵՔ ՁԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿԱՆՋ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՐՅԱՆ ՁԱՅՆԻՆ ԵՎ ԱՆՍԱՑԵՔ ԴՐԱՆՑ: Միաբան եղեք և միաբանությամբ մենք պիտի ավելի զորանանք: Այս եկեղեցում և մեր մեջ Աստված է բնակվում, որովհետև որտեղ Աստված կա, այնտեղ սեր և միաբանություն կա: Այնտեղ կա հաջողություն և հաղթանակ: Իսկ որտեղ չկա միաբանություն, սեր և եղբայրասիրություն, այնտեղ չի կարող Աստված բնակվել: Ուրեմն` ձայն բազմաց, ձայն Աստծո»: Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք. ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ուսուցիչներ և ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից, Վանաձոր քաղաքի հարյուրավոր հավատավոր բնակիչներ, ովքեր մեկ սիրտ և մեկ հոգի դարձած` իրենց սրտաբուխ աղոթքն առաքեցին առ Աստված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր