211652_close_icon
views-count1755 դիտում article-date 17:51 03-04-2022

Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք է հնչել

Այսօր ՀԱՍԵ Արցախի թեմի նախաձեռնությամբ միասնական աղոթք է հնչել թեմի բոլոր գործող եկեղեցիներում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից:

Արցախի թեմը վերջերս հանդես էր եկել ապաշխարության կոչով՝ հորդորելով արցախահայությանը միահամուռ կերպով դառնալ առ Աստված և միասնական աղոթք բարձրացնել՝ հանուն Արցախ աշխարհի խաղաղության։ Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարը այսօր սովորականից ավելի բազմամարդ էր։

Հավատավոր ժողովրդի հոծ բազմությունը հավատքով լցված համախմբվել էր մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը իր խոսքում կարևորեց հայ ազգի միաբանությունը՝ համոզմունք հայտնելով, որ չկան այնպիսի դժվարություններ, որոնք չենք կարող լուծել Աստծո օգնությամբ, հատկապես, որ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»:

Միասնական աղոթքի ընթացքում հնչեց «Տեր ողորմյա» շարականը, որի ներքո բազմամարդ եկեղեցիներում բոլորը ծնրադիր աղերսում էին Տիրոջ ողորմությունը, սերը, գթությունը մեր Հայրենիքի խաղաղության համար: Արարողության վերջում կատարվեց նաև Հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի և բոլոր մեր նահատակների հոգիների խաղաղության համար: «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում։

Միաբանվելով, միասնական լինելով ու քրիստոնեությունը հասկանալով, մենք կարող են վայելել երանավետ դրախտ Արցախ աշխարհը». ասում է Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:

Միասնական աղոթքի մասնակիցների խոսքով՝ ժողովուրդը սպասում էր այս միասնական աղոթքի կոչին և որ ժամանակն է եկել ազգովի ապաշխարելու։ Ըստ մասնակիցների՝ աղոթելու համար բոլոր ժամերն էլ հարմար են, բայց այսօրվա աղոթքը միասնության, խաղաղության խորհրդանիշ է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնյա հայ ազգը հավատում է աղոթքի, և հատկապես, միասնական աղոթքի ուժին՝ «Այն ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»:

Նմանատիպ նյութեր